Սեֆյան Պարսկաստանի և օսմանյան Թուրքիայի միջև պատերազմները տեղի են ունեցել XVI–XVIII դարերում՝ Հայաստանին, Այսրկովկասին, Միջագետքին, ինչպես նաև տարածաշրջանի ռազմավարական և առևտրական ճանապարհներին տիրելու նպատակով: Պատերազմներին նպաստել է նաև կողմերի միջև առկա կրոնական հակամարտությունը. թուրքերը հերձված են հայտարարել շիիզմը, պարսիկները՝ սուննիզմը: Պատերազմներն աղետաբեր են եղել Հայաստանի համար, որը տևականորեն բաժանվել է արևելյան 2 բռնապետությունների միջև:
1514–55 թթ-ի պատերազմը
Սեֆյան Իսմայիլ I շահը (1502–24 թթ.) գրավել է ակկոյունլուների (թուրքերեն է. նշանակում է սպիտակ ոչխար ունեցողներ) տիրապետության տակ գտնվող Հայաստանի զգալի մասը, Քրդստանը, Իրաքը: Թուրքիայի Սելիմ I Ահեղ սուլթանը (1512–20 թթ.) 1514 թ-ի օգոստոսի 23-ին Չալդրանի ճակատամարտում ջախջախել է շահի զորքերը և զավթել Թավրիզը, Հայաստանի արևմտյան, Իրաքի հյուսիսային մասերը, Քրդստանը, Բաղդադը. 1530 թ-ին այն վերագրավել է Թահմազ I շահը (1524–76 թթ.): Թավրիզում գերեվարել և Կոստանդնուպոլիս է տեղափոխել մեծ թվով արհեստավորների, որոնց հիմնական մասը հայ էր: Խրախուսել է քրդական ցեղախմբերի ներհոսքը Հայաստանի կենտրոնական նահանգներ, նրանց վերապահել Օսմանյան կայսրության արևելյան սահմանները պաշտպանելու «առաքելությունը»: Այդ պատերազմներում կործանվել են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայքայվել է տնտեսությունը, գերեվարվել հայ բնակչությունը: Պարսիկները մեծ բանակով հարձակման են անցել 1549–52 թթ-ին. ավերել են Բասենը, Բարձր Հայքը, Վասպուրականն ու Տուրուբերանը: 1555 թ-ի մայիսի 26-ին կնքվել է Ամասիայի հաշտության պայմանագիրը, որով վերահաստատվել է 1514 թ-ի (Չալդրանի ճակատամարտից հետո) Հայաստանի բաժանումը. Արևմտյան Հայաստանը, ներառյալ Բագրևանդն ու Վասպուրականը, մնացել է օսմանյան, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի տիրապետության տակ: Թուրքիային են անցել նաև Արևմտյան Վրաստանը, արաբական Իրաքը` ներառյալ Բաղդադը, իսկ Պարսկաստանին՝ Արևելյան Վրաստանը և Այսրկովկասի արևելյան մասը: Կարսի շրջանը հայտարարվել է «չեզոք գոտի», իսկ բերդն ավերվել է:
1578–90 թթ-ի պատերազմը
1578 թ-ի օգոստոսի 9-ին թուրքերը, Չըլդըրի մոտ հաղթելով պարսից զորքերին, ներխուժել են Արևելյան Հայաստան և Վրաստան, ապա շարժվել դեպի Շիրվան, սակայն հետ են շպրտվել: 1579–89 թթ-ին Թուրքիայի և նրա վասալ Ղրիմի խանի զորքերն ասպատակել են Շիրվանն ու Արևելյան Հայաստանը: Հայ և օտար աղբյուրները նշում են Երևանից, Նախիջևանից, Շիրվանից տարված տասնյակհազարավոր գերիների մասին: 1590 թ-ի մարտի 21-ի Կոստանդնուպոլսի հաշտության պայմանագրով՝ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Այսրկովկասի արևելյան մասը, Քրդստանի և Լուրիստանի (Արևմտյան Պարսկաստան) զգալի մասն անցել են Թուրքիային: 1603–12 թթ-ի պատերազմը Շահ Աբաս I-ը (1587–1629 թթ.), ստեղծելով կանոնավոր բանակ, 1603 թ-ին վերագրավել է Թավրիզը, Նախիջևանը, Երևանը և հասել Կարինի մատույցները: Հայ ազգաբնակչության համընդհանուր տեղահանությունն սկսվել է 1604 թ-ի օգոստոսին: Կարս քաղաքից մինչև Ջուղա քարուքանդ են արվել բնակավայրերը: Համառ դիմադրություն է ցույց տվել Գառնի գյուղը, սակայն պարսկական զորքը դաժան հաշվեհարդար է տեսել բնակչության հետ: Ստանալով օսմանյան բանակի՝ Արարատյան դաշտ մտնելու լուրը՝ Շահ Աբաս I-ը հրամայել է բռնագաղթածներին արագ անցկացնել Արաքսի աջ ափը: Գետանցման ժամանակ զոհվել է շուրջ 100 հզ. մարդ: Գաղթից մասամբ զերծ են մնացել Սյունիքի և Արցախի բնակավայրերը: «Մեծ սյուրգյունի» (բռնագաղթի) հետևանքով շուրջ 350 հզ. հայերի տեղահանել ու տարել են Պարսկաստան՝ երկրագործությունը, առևտուրը և արհեստները զարգացնելու նպատակով: Ավերված ու ամայացված Ջուղայի առևտրականներին թույլատրվել է մայրաքաղաք Սպահանի մոտ կառուցել հայկական քաղաք՝ Նոր Ջուղան: 1603–07 թթ-ին Շահ Աբաս I-ը զավթել է Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Քրդստանի հարավային մասը և Լուրիստանը: Այդ նվաճումները վերահաստատվել են 1612 թ-ի նոյեմբերի 20-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով:
1616–18 թթ-ի պատերազմը
1616 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերին թուրքական զորքերը պաշարել են Երևանն ու Նախիջևանը: 1617 թ-ին Ղրիմի թաթարներն ասպատկել են Գանձակն ու Ջուղան և թուրքական զորքերի հետ արշավել Թավրիզ: 1618 թ-ի սեպտեմբերի 10-ին Շահ Աբաս I-ը պարտության է մատնել նրանց և 1619 թ-ի սեպտեմբերի 29-ի պայմանագրով վերահաստատել 1612 թ-ի պայմանագրով որոշված սահմանները:
1623–39 թթ-ի պատերազմը
1623–24 թթ-ին Շահ Աբաս I-ը գրավել է արաբական Իրաքը, Բաղդադ, Նաջաֆ, Քարբալա քաղաքները, իսկ Այսրկովկասում՝ Ախալցխան: 1635 թ-ին թուրքերը զավթել են Ախալցխան և Ախալքալաքը, վերանվաճել Հյուսիսային Միջագետքը` ներառյալ Մոսուլը. 1638 թ-ին տիրել են Բաղդադին, և պարսիկները հարկադրված հաշտություն են առաջարկել: 1639 թ-ին կնքված Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով` մասնակի փոփոխություններով վերահաստատվել են 1555 թ-ի Ամասիայի պայմանագրով նշված սահմանները: Հայաստանը կրկին վերաբաժանվել է 2 տերությունների միջև՝ հետևյալ սահմանագծով. Ջավախքի լեռներից Ախուրյանի հոսանքով հասել է Արաքս գետ, թեքվել արևմուտք, ապա` Հայկական Պարի ջրբաժան գծով, Մասիսների գագաթներով ձգվել մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայով անցել թուրք-պարսկական այժմյան սահմանագծով: Այս սահմանը գրեթե անփոփոխ է մնացել մինչև 1828 թ., երբ Թուրքմենչայի պայմանագրով` Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին: Պայմանագրին հաջորդած 80-ամյա խաղաղությամբ Արևելյան Հայաստանի տնտեսությունը որոշ աշխուժացում է ապրել, բայց Արևմտյան Հայաստանում շարունակվել է քայքայումը:
1723–27 թթ-ի պատերազմը
Ահմեդ III սուլթանի (1703–30 թթ.) զորքերը, օգտվելով Սեֆյանների թուլացումից, 1723 թ-ին ներխուժել են Այսրկովկաս: 1724–25 թթ-ին գրավել են Մարաղան, Խոյը (Հեր), Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը և այլ քաղաքներ: Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը 1722–23 թթ-ին գրավել էր Կասպից ծովի արևմտյան ափերը՝ Դերբենդից մինչև Էնզելի: Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվել է 1724 թ-ի հունիսի 13-ի պայմանագրով: Թուրքերը շարժվել են Արևելյան Պարսկաստան, սակայն 1726 թ-ի հոկտեմբերին նրանց առաջխաղացումը կասեցրել է երկրի աֆղան կառավարիչ Աշրաֆը: 1727 թ-ի հոկտեմբերի 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչել է Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ Պարսկաստանի տիրակալ: 1723–27 թթ-ի թուրք-պարսկական պատերազմը ծանր հարված է հասցրել Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին:
1730–36 թթ-ի պատերազմը
Պարսկաստանում աֆղան և թուրք նվաճողների դեմ ապստամբությունը գլխավորել է զորահրամանատար Նադիրը: 1726–29 թթ-ին նա պարտության է մատնել աֆղաններին և դուրս քշել երկրից: 1730 թ-ին երկրի փաստացի կառավարիչ Նադիրը (1736–47 թթ-ին՝ շահ) թուրքական զորքերին վտարել է Համադանից, Քերմանշահից և Հյուսիսային Պարսկաստանից: Թահմազ II շահը (1722–32 թթ.) ինքնուրույն ռազմական գործողություն է ծավալել, սակայն 1731 թ-ին պարտվել է Համադանի մոտ: 1732 թ-ին կնքվել է հաշտություն, որով Թուրքիան պահպանել է այրսկովկասյան հողերը՝ Արաքսից հյուսիս: 1734–35 թթ-ին Նադիրի զորքերը ներխուժել են Այսրկովկաս: Տեղի ժողովուրդները, մասնավորապես հայերը, օժանդակել են Նադիրին թուրքերի դեմ պայքարում: Հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունն ընդգծելու համար Նադիրն այցելել է Սբ Էջմիածին և ներկա եղել Պատարագի: Վանքի վերանորոգման համար հատկացրել է 1000 թուման, տաճարը զարդարել 15-կգ-անոց ոսկե ջահով, կարգադրել է Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն: 1735 թ-ի հրովարտակներով վերահաստատել է հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածքները: Գնահատելով հայերի դերը հակաթուրքական պայքարում՝ Նադիրը սիրաշահել և հովանավորել է նրանց: 1735 թ-ի հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախել են թուրքերին: Կարևոր դեր են խաղացել հայ զինվորներն ու աշխարհազորայինները, որոնք փակել են թուրքերի նահանջի ճանապարհը: Նադիրի բանակում էին նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ: 1736 թ-ին Էրզրումում (Կարին) կնքված պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Պարսկաստանի տիրապետությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Շահ հռչակվելուց (1736 թ.) հետո Նադիրը դաժան հաշվեհարդար է տեսել թուրքամետ ցեղերի հետ: Նա Արցախն անջատել է Գանձակի խանությունից և դարձրել առանձին վարչական միավոր: Արցախի հայկական (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի) մելիքությունները միավորել է Խամսայի (5) մելիքության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը: Խամսայի մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները՝ Արամը, այնուհետև՝ մելիք Եսային: Իրենց տիրապետություններն են պահպանել նաև Սյունիքի և Ղարադաղի հայկական մելիքությունները: Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչներն ավելի են ամրապնդել իրենց դիրքերը և անկախացել Երևանի խանությունից: Այրարատյան երկրի քալանթար (կառավարիչ) է նշանակվել Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, իսկ նրա որդի մելիք Մանուչարը՝ Երևանի ու Նախիջևանի բեյլերբեյ (տեղապահ)՝ զորահրամանատարի իրավունքով: Մելիք Մանուչարն իր զորամասով մասնակցել է Նադիր շահի Հնդկաստան կատարած արշավանքին: Պարսից արքունիքում եղել են հայ պաշտոնյաներ: Նադիրի տիրակալության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձել է Արևելքի հզոր տերություններից մեկը: Նադիրը հովանավորել է հայ առևտրականներին, սերտ հարաբերություններ ունեցել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի հետ, նրա խնդրանքով ազատել է շուրջ 7 հզ. հայ և վրացի գերիների:
1743–46 թթ-ի պատերազմը
1743 թ-ի աշնանը Նադիր շահի զորքերը պաշարել են Մոսուլը, 1744 թ-ի հուլիս-հոկտեմբերին՝ Կարսը: 1745 թ-ի օգոստոսի 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթել է թուրքերին, սակայն ռազմական գործողությունները չի շարունակել: 1746 թ-ի սեպտեմբերի 4-ի հաշտությամբ հաստատվել են 1639 թ-ի պայմանները: XIX դարի 20–40-ական թվականների պարսկա-թուրքական բախումների հետևանքով սահմանները չեն փոփոխվել: Պարսկա-թուրքական պատերազմների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հաղորդում ականատես պատմիչներ Առաքել Դավրիժեցին, Աբրահամ Գ Կրետացին (1734–37 թթ-ին՝ կաթողիկոս), Աբրահամ Երևանցին, Եսայի Հասան-Ջալալյանը, Զաքարիա Քանաքեռցին և ուրիշներ:
|