Գրող, թարգմանիչ Բորիս Պաստեռնակի ստեղծագործությանը բնորոշ են առօրյա` սովորական իրողությունների բանաստեղծականացումը, բնության հավերժական գաղտնիքների և առեղծվածների բացահայտումը, կյանքի ու մահվան մասին փիլիսոփայական մտորումները:
Բորիս Պաստեռնակը վաղ տարիքից հետաքրքրվել է նկարչությամբ և երաժշտությամբ: 1909 թ-ին հրաժարվել է այդ նախասիրություններից և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը: 1912 թ-ին սովորել է Մարբուրգի (Գերմանիա) համալսարանում. ուսումնասիրել է նորկանտականության մարբուրգյան դպրոցի փիլիսոփաների աշխատանքները: 1913 թ-ին Մոսկվայի համալսարանում հանձնել է ավարտական քննությունները: 1914 թ-ին հրատարակել է «Երկվորյակը ամպերում», ապա՝ «Պատնեշների վրայով» (1916 թ.), «Քույր իմ՝ կյանք» (1922 թ.), «Թեմա և վարիացիաներ» (1923 թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Այդ տարիներին նա հարել է ֆուտուրիստներին (ապագայապաշտներ), Վլադիմիր Մայակովսկու «ԼԵՖ» գրական խմբակին՝ ամբողջովին համամիտ չլինելով նրանց հայացքներին: Պաստեռնակը դեմ էր անցյալի գրական արժեքների մերժմանը: Նրա «Ինը հարյուր հինգ թվական» (1925–26 թթ.), «Լեյտենանտ Շմիդտ» (1926–27 թթ.) պոեմները նվիրված են Ռուսական առաջին հեղափոխությանը (1905–07 թթ.): Հետագա տարիներին լույս է ընծայել «Երկրորդ ծնունդ» (1932 թ.), «Վաղորդյան գնացքներում» (1943 թ.), «Երկրային ընդարձակ տարածություններ» (1945 թ.) բանաստեղծությունների ժողովածուները: «Օդային ուղիներ» (1924 թ.) պատմվածքում, «Պահպանագիր» (1931 թ.) ինքնակենսագրական վիպակում և «Սպեկտորսկի» (1931 թ.) չափածո վեպում Պաստեռնակը պատկերել է անհատի ճակատագիրը՝ պատերազմի և հեղափոխության ժամանակաշրջանում, շարադրել արվեստի վերաբերյալ իր հայացքները: Նա չնայած համոզված էր հեղափոխության արդարացիությանը, սակայն մերժել է հեղափոխական բռնությունը՝ որպես նպատակին հասնելու միջոց: 1936 թ-ից խորհրդային իշխանությունները նրան մեղադրել են «կյանքից կտրվածության», «ժամանակաշրջանին անհամապատասխան աշխարհայեցողության» համար: Հայրենական պատերազմից հետո գրել է «Դոկտոր Ժիվագո» վեպը, որի գլխավոր հերոս բժիշկ Ժիվագոն խոր հիասթափություն է ապրում հեղափոխական գաղափարներից: Պաստեռնակը մերժել է հեղափոխության միջոցով հասարակության սոցիալական վերափոխման հնարավորությունը, մոլեռանդ գաղափարախոսությունը: Վեպում ներկայացված է ռուս մտավորականության ճակատագիրը XX դարի սկզբից մինչև 1918–20 թթ-ի քաղաքացիական պատերազմը: Գիրքը հրատարակվել է 1957 թ-ին, Միլանում: Ռուսաստանում «Դոկտոր Ժիվագոն» առաջին անգամ տպագրվել է 1988 թ-ին: 1958 թ-ին Պաստեռնակն արժանացել է Նոբելյան մրցանակի: Պաստեռնակին բազմիցս քննադատել են խորհրդային մամուլում, հեռացրել ԽՍՀՄ գրողների միությունից: Նա խոր ճգնաժամ է ապրել. հրաժարվել է Նոբելյան մրցանակից (1989 թ-ին մրցանակը հանձնել են Պաստեռնակի որդուն): 1959 թ-ի փետրվարին գրողին մեղադրանք է ներկայացվել «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով: 1956–59 թթ-ին գրել և հրատարակել է «Երբ պարզում է» բանաստեղծությունների ժողովածուն: Պաստեռնակը թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի պիեսներից, Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստը», Հանս Սաքսի, Պերսի Շելլիի, Ջոն Քիթսի, Պոլ Վեռլենի, Շանդոր Պետեֆիի, Ակակի Ծերեթելու, Գեորգի Լեոնիձեի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից: Պաստեռնակի գործերից հայերեն են թարգմանել Գևորգ Էմինը, Աբրահամ Ալիքյանը, Վահագն Կարենցը և ուրիշներ: «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական կինոնկար (1965 թ., ԱՄՆ, 2002 թ., Մեծ Բրիտանիա, 2005 թ., Ռուսաստան): Պաստեռնակի թանգարաններ են գործում Չիստոպոլում, Պերեդելկինոյում, Վսեվոլոդո-Վիլվոյում: Պերմում կանգնեցված է նրա հուշարձանը (2009 թ.):
|