Պատատուկը պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույս է, թուփ կամ կիսաթուփ: Հայտնի է պատատուկի 180, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կալվերտի, փոփոխական, նեղատերև, դաշտային և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային պատատուկը)՝ ցանքերում: Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկարությունը՝ մինչև 1 մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև: Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, կարոտին, C և E վիտամիններ: Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, նաև՝ որպես հակաբակտերային, հակաուռուցքային, ջերմիջեցնող միջոց: Կալվերտի պատատուկը հանդիպում է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի գիհու նոսրանտառներում, չոր, խիստ քարքարոտ, խճային կամ կրային լանջերին, իսկ փոփոխական պատատուկը՝ Շիրակի և Երևանի մարզերի ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
|