Ֆրանչեսկո Պետրարկան Վերածննդի մարդասիրական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրն է: Նրա քնարերգությամբ նշանավորվել է իտալական և եվրոպական բանաստեղծության զարգացման նոր շրջանը:
Պետրարկան 1312 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Պրովանս (Ֆրանսիայի հարավ): 1316 թ-ին Մոնպելյեի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, 1320 թ-ին ուսումը շարունակել է Բոլոնիայում: 1326 թ-ին մեկնել է Ավինյոն (Պրովանսի մարզ), որտեղ ձեռնադրվել է հոգևորական: Նա մասնակցել է Իտալիայի քաղաքական կյանքին. համակրել է ազնվականական վերնախավի դեմ ապստամբած տրիբուն Կոլա դի Ռիենցոյին, վերջինիս պարտությունից հետո դարձել է նրա դատապաշտպանը: Հետագայում իտալական արքունիքներում վարել է բարձր պաշտոններ: Պետրարկան Եվրոպայում առաջիններից է իդեալականացրել անտիկ աշխարհը: Հավաքել և մեկնաբանել է հռոմեացի բանաստեղծների ստեղծագործություններից: Ձգտել է վերականգնել դասական լատիներենը, որով գրել է պատմագիտական և գեղարվեստական գործեր: Ամբողջովին չհեռանալով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ նա, այնուամենայնիվ, քննադատաբար է գնահատել միջնադարյան կրոնաիդեալիստական փիլիսոփայությունը և հաստատել մարդու ազատության գաղափարը: Գրել է (լատիներեն) փիլիսոփայական աշխատություններ, որտեղ արտահայտվել է նրա հոգեկան ճգնաժամը. հոգևորի և մարմնականի հակադրության մեջ Պետրարկան գերադասել է մարդու հոգևոր-զգացական աշխարհը: Նա քարոզել է և՜ ճգնավորական բարոյականության, և՜ աշխարհի ունայնության ու անցողիկության գաղափարները, որոնց հակասականությունը որոշակիորեն արտահայտվել է նաև քնարերգության մեջ: Պետրարկան հռչակվել է լատիներենով գրած «Աֆրիկա» (1339–42 թթ.) էպիկական պոեմով և արժանացել դափնեպսակի (1341 թ.): Պոեմում պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը (մ. թ. ա. 218–201 թթ.), տարփողել Հին Հռոմի փառքը: Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» (1346–57 թթ.) այլաբանական բովանդակությամբ հովվերգությունները: Պատմագիտական գործերում և քաղաքական բովանդակությամբ որոշ բանաստեղծություններում («Իմ Իտալիա» և այլն) Պետրարկան երազել է հայրենիքը տեսնել հզորացած և օտար զավթիչներից ազատագրված: Պետրարկայի ստեղծագործության մեջ նշանակալի են իտալերենով գրած քնարական բանաստեղծությունները՝ նվիրված սիրած կնոջը՝ Լաուրային: Բանաստեղծը դրանք 1350-ական թվականների վերջերին զետեղել է կանցոնների (երգեր) ժողովածուում, որը բաղկացած է 2 բաժնից՝ «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ» և «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահից հետո»: Ժողովածուն պարունակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ, 4 մադրիգալ: Գիրքը շարադրված է օրագրի ձևով և ներկայացնում է կնոջ ու բնության գեղեցկությամբ արբեցած բանաստեղծի ապրումները: Պետրարկայի պոեզիան եվրոպական գրականության մեջ անհատի հույզերի բանաստեղծական առաջին բարձրագույն նմուշն է: Բանաստեղծը փոխել է ոչ միայն պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծել է երաժշտական ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր: Պետրարկան Լաուրային է նվիրել նաև «Հաղթանակներ» (1354 թ.) խրատական այլաբանական պոեմը: Պետրարկան Ալիգիերի Դանտեի և Ջովաննի Բոկաչչոյի հետ սկզբնավորել է գրական իտալերենը: Պետրարկայի անունով է կոչվել Վերածննդի դարաշրջանի բանաստեղծական ուղղությունը՝ պետրարկիզմը:
|