Պետրոս Մեծը Ռուսաստանի 13-րդ ցարն է (1682 թ-ից), կառավարել է 1689 թ-ից, ռուսական առաջին կայսրն է (1721 թ-ից), Ալեքսեյ Միխայիլովիչ ցարի որդին, զորավար և դիվանագետ: Հիմնադրել է ռուսական նավատորմը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը:
Պետրոս Մեծը բազմակողմանի կրթություն է ստացել տանը, տիրապետել է գերմաներենին, հոլանդերենին, անգլերենին, ֆրանսերենին, սովորել է նավաշինություն: Արտասահմանյան առաջին ուղևորության` «Մեծ դեսպանության» (1697–98 թթ.) ժամանակ Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) անցել է հրետանային գիտությունների լրիվ դասընթաց, Ամստերդամի նավաշինարաններում սովորել է հյուսնի արհեստ, իսկ Անգլիայում ավարտել է նավաշինության տեսական դասընթաց: Հանդիպումներ է ունեցել Գոտֆրիդ Լայբնիցի, Իսահակ Նյուտոնի և այլ գիտնականների հետ: 1717 թ-ին ընտրվել է Փարիզի ԳԱ պատվավոր անդամ: Պետրոս Մեծը բազմաթիվ բարեփոխումներ է արել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: 1714 թ-ին ամրապնդել է հողի ազնվականական սեփականությունը, 1722 թ-ին կարգավորել է զինվորական ու քաղաքացիական ծառայության մեջ աստիճանները շնորհելու կարգը: Նրա օրոք ստեղծվել են բազմաթիվ մանուֆակտուրաներ և լեռնագործական ձեռնարկություններ, գունավոր մետաղների արդյունահանման սկիզբն է դրվել, հիմնվել են առևտրի և արդյունաբերության կոլեգիաներ: Բարեփոխել է նաև պետական կառավարման ոլորտը (Սենատի, հոգևոր գործերի կոլեգիայի` Սինոդի, բարձրագույն պետական վերահսկողության մարմինների, քաղաքական հետախուզության գաղտնի գրասենյակի աշխատանքներում): 1703 թ-ին Պետրոս Մեծը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգ քաղաքը, 1712 թ-ին այն դարձրել է մայրաքաղաք, 1721 թ-ին Ռուսաստանը հռչակել է կայսրություն: 1708–09 թթ-ին ստեղծվել են վարչական նահանգները, որոնք 1719 թ-ին բաժանվել են գավառների: Պետրոս Մեծը գլխավորել է բանակը Ազովյան (1695–96 թթ.) արշավանքի, Հյուսիսային պատերազմի (1700–21 թթ.) և Պարսկական արշավանքի (1722–23 թթ.) ժամանակ: Ազովյան արշավանքի և Հյուսիսային պատերազմի շնորհիվ Ռուսաստանը դուրս է եկել Ազովի և Բալթիկ ծովեր: Պետրոս I-ը ռուսական կանոնավոր բանակի, ռազմածովային նավատորմի, ռազմական դպրոցի (պետրոսյան) հիմնադիրն է: Մշակել է Զինվորական (1716 թ.) և Ծովային (1720 թ.) կանոնադրությունները, ուժեղացրել հրետանին, ստեղծել նոր զորատեսակներ, խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը: Ցամաքային և ծովային խոշոր ճակատամարտերում (Պոլտավա, 1709 թ., Գանգուտ, 1714 թ.) գործել է վճռականորեն, ձգտել է լիովին ջախջախել հակառակորդին: Խոշոր բարեփոխումներ են իրականացվել մշակույթի և լուսավորության բնագավառում. հիմնվել են թնդանոթաձիգների (1699 թ.), մաթեմատիկա-նավագնացության (1701 թ.) և այլ դպրոցներ, Ծովային ակադեմիան (1715 թ.): 1719 թ-ին բացվել է առաջին ռուսական թանգարանը` Կունստկամերան` հանրային գրադարանով: Հրատարակվել են այբբենարաններ, ուսումնական ձեռնարկներ, քարտեզներ: 1700 թ-ին մտցվել է նոր` Հուլյան օրացույցը: 1703 թ-ին լույս է տեսել ռուսական առաջին տպագիր լրագիրը` «Վեդոմոստին», մշակվել է քաղաքացիական տառատեսակ (1708–10 թթ.): 1725 թ-ին բացվել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիան` գիմնազիայով և համալսարանով: Կազմակերպվել են գիտական արշավախմբեր: Կառուցվել են շինություններ մշակութային ու պետական հաստատությունների համար, Պետերգոֆի (Պետրոդվորեց) ճարտարապետական համալիրը, Կրոնշտադտի, Պետրոպավլովյան և այլ ամրոցներ, քաղաքների կանոնավոր հատակագծման սկիզբն է դրվել: Պետրոս I-ն օգտագործել է արևմտաեվրոպական երկրների փորձը արդյունաբերության, առևտրի, մշակույթի զարգացման նպատակով: Սակայն նրա բարեփոխումները հիմնականում կատարվել են բռնի ուժով, որի հետևանքով բռնկվել են ապստամբություններ (1698 թ-ի՝ Ստրելեցների, 1705–06 թթ-ի՝ Աստրախանի, 1707–09 թթ-ի՝ Բուլավինի, և այլն): 1701 թ-ին Իսրայել Օրին տեսակցել է Պետրոս I-ի հետ, մշակել և նրան է ներկայացրել Հայաստանի ազատագրության իր «Մոսկովյան ծրագիրը», որը պետք է կենսագործվեր Հյուսիսային պատերազմից հետո: Պետրոս I-ի Պարսկական արշավանքի ժամանակ հաշվի էր առնված նաև Օրու «Մոսկովյան ծրագիրը»: Պետրոս I-ի կառավարությունը կապեր է պահպանել Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, ջանացել Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտուրն ուղղորդել Ռուսաստան: Այդ նպատակով 1711 թ-ին վերահաստատել է մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին՝ 1667 թ-ի առևտրական պայմանագրով: Հայ վաճառականության գործունեությունը Ռուսաստանում խրախուսելու նպատակով թարգմանչական դպրոցներում ուսանելու համար հավաքագրել են հայ երիտասարդների: 1720-ական թվականների հայ ազգային-ազատագրական պայքարի շրջանում ստեղծված միջազգային անբարենպաստ կացության հետևանքով Պետրոս Մեծն ի վիճակի չի եղել աջակցելու Արցախի ու Սյունիքի հայ ապստամբներին, սակայն իր պատգամատար Իվան Կարապետին ուղարկել է հայերին հուսադրելու, ապստամբական ուժերն ի մի բերելու և թուրքական առաջխաղացումը կասեցնելու հորդորներով: 1724 թ-ի նոյեմբերին Պետրոս I-ը հրապարակել է հրովարտակ` հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին: Պետրոս Մեծի կերպարն արտացոլվել է Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա», «Պղնձե հեծյալ» (պոեմներ), Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս Առաջին» (վեպ), Անդրե Գրետրիի «Պետրոս Մեծ» (օպերա), Անդրեյ Պետրովի «Պետրոս Առաջին» (օպերա) և ուրիշների ստեղծագործություններում: Նրա մասին նկարահանվել են տասնյակ ֆիլմեր («Պետրոս Մեծ», 1937 թ., «Պետրոս Մեծ», ԽՍՀՄ-ԱՄՆ, 1985 թ., և այլն): Պետրոս I-ը պարգևատրվել է Անդրեյ Նախավկայի (1703 թ.), Սպիտակ արծվի (1712 թ., Ռեչ Պոսպոլիտա), Փղի (1713 թ., Դանիա) և այլ շքանշաններով: Սահմանվել են Պետրոս Մեծի 3 (I–III) աստիճանների շքանշաններ: Նրա պատկերով հատվել է մետաղադրամ (1720 թ.), թողարկվել թղթադրամ (1898, 1912, 1997 թթ.): Պետրոս I-ի անունով կոչվել են կղզի, ծովածոց, քաղաքներ, թանգարաններ, բուհեր, հիվանդանոցներ և այլն: Նրա պատվին Ռուսաստանում և Եվրոպայում կանգնեցվել են հուշարձաններ, որոնցից առավել հայտնի է «Պղնձե հեծյալը» Սանկտ Պետերբուրգում:
|