Երգչուհի և դերասանուհի Էդիտ Պիաֆը ֆրանսիական քնարական երգի լեգենդար վարպետներից է (շանսոնիե): Թատրոնում և կինոյում ստեղծել է ինքնատիպ դերասանական ոճ:
Էդիտ Պիաֆը («պիաֆը» ֆրանսերեն է. նշանակում է ճնճղուկ. այդպես նրան կնքել է կաբարեի տեր Լուի Լեպլեն, իսկական անուն-ազգանունը՝ Էդիտ Ջովաննա Գասսիոն) 8 տարեկանից երգել է հրապարակներում՝ հոր կազմակերպած ներկայացումներում: Նա հանդես է եկել Փարիզի «Ժուան լե Պեն», ավելի ուշ՝ «Ժեռնիս» կաբարեներում, մյուզիք հոլլում, «Մեդրանո» կրկեսում (հայտնի երգիչներ Մորիս Շևալիեի, Մարի Դյուբայի և ուրիշների հետ) և այլուր:
1936 թ-ից Պիաֆի և բանաստեղծ Ռայմոն Ասսոյի ու կոմպոզիտոր Մարգրետ Մոննոյի համագործակցությամբ ձևավորվել են երգչուհու ոճը և հետագա երգացանկի հիմնական առանձնահատկությունները: Ասսոն գրել է երգեր հատուկ Պիաֆի համար («Նա ապրել է Պիգալ փողոցում», «Լեգեոնի դրոշը» և այլն): Երգերի մեծ մասում արտահայտվել է Պիաֆի կերպարի քնարականությունը: Հարուստ, ինքնատիպ ձայնով, արտահայտիչ շարժուձևով և կատարողական արվեստի վարպետությամբ Պիաֆը «փողոցի» երգչուհուց հասել է մեծ փառքի. հետագայում՝ նրա հերթական ցնցող մենահամերգից հետո, մամուլը գրել է. «Փողոցի երգերը՝ դասական երաժշտության տաճարում»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին Պիաֆը հաճախ ելույթներ է ունեցել համակենտրոնացման ճամբարներում և բարեգործական համերգներով օգնել է զոհվածների ընտանիքներին:
Հետպատերազմյան շրջանում երգչուհին հասել է իր փառքի գագաթնակետին: 1945 թ-ից հանդես է եկել «Երգի ուղեկիցներ» անսամբլի հետ, 1958 թ-ից՝ «Օլիմպիա» համերգասրահում:
Պիաֆն իր կատարած որոշ երգերի տեքստերի և երաժշտության հեղինակն է («Կյանքը վարդագույն լույսի տակ» և այլն):
Ստեղծագործության վերջին շրջանում նրա երգացանկը համալրվել է տարբերտրամադրություններով և հոգեվիճակներով հարուստ երգերով:
Պիաֆը խրախուսել և աջակցել է Շառլ Ազնավուրին, Իվ Մոնտանին և սկսնակ այլ երգիչների: 1960 թ-ից երգչուհին հիվանդության պատճառով հազվադեպ է ելույթ ունեցել:
1940 թ-ին ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր և գրող Ժան Կոկտոն («...մադամ Էդիտ Պիաֆը հանճարեղ է...» արտահայտության հեղինակը) հրավիրել է Պիաֆին խաղալու իր «Անտարբեր գեղեցիկ տղամարդը» պիեսում: Ներկայացումն ունեցել է մեծ հաջողություն: Կինոռեժիսոր Ժորժ Լակոմբն այն վերածել է ֆիլմի («Մոնմարտրը Սենի ափին», 1941 թ.): Երգչուհին նկարահանվել է նաև «Անանուն աստղ» (1945 թ.), «Փարիզը շարունակում է երգել» (1951 թ.), «Ֆրանսիական կանկան» (1954 թ.), «Եթե ինձ պատմեն Վերսալի մասին» (1954 թ., Ժան Մարեի հետ) և այլ կինոնկարներում: 1958 թ-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում:
1962 թ-ի սեպտեմբերի 25-ին Էդիտ Պիաֆը Էյֆելյան աշտարակի բարձունքից կատարել է իր լավագույն՝ «Ոչ, ես ոչնչի համար չեմ ափսոսում», «Ամբոխ», «Միլորդ», «Դու չես լսում», «Սիրելու իրավունքը» երգերը: Նրան ունկնդրել է ողջ Փարիզը:
Պիաֆը գրել է «Հաջողություններ պարահանդեսում» (1958 թ.), «Իմ կյանքը» (1964 թ.) գրքերը: