Ամերիկացի գրող, քննադատ Էդգար Պոն դետեկտիվ ժանրի ու «սարսափի նովելի» հիմնադիրն է և գիտաֆանտաստիկ ժանրի սկզբնավորողներից համաշխարհային գրականության մեջ:
Էդգար Պոն 2 տարեկանում զրկվել է ծնողներից. նրան որդեգրել է Ջոն Ալանի ընտանիքը՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից: 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա և սովորել Լոնդոնի պանսիոններից մեկում: Վաղ տարիքից գրել է և նկարել: 1820 թ-ին վերադարձել է ԱՄՆ: 1826 թ-ին ավարտել է Ռիչմոնդի քոլեջը, 1826–27 թթ-ին սովորել է Ռիչմոնդի համալսարանում, 1830–31 թթ-ին՝ Վեստ Փոյնթի զինվորական ակադեմիայում: 1827–29 թթ-ին ծառայել է բանակում: Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններն ամփոփված են «Թամեռլան և այլ բանաստեղծություններ» (1827 թ.), «Ալ-Աարաաֆ, Թամեռլան և փոքրիկ բանաստեղծություններ» (1829 թ.), «Բանաստեղծություններ» (1831 թ.) ժողովածուներում, որոնք նկատելի հաջողություն չեն ունեցել: 1833–40 թթ-ին Պոն աշխատել է Ռիչմոնդի, 1841–43 թթ-ին՝ Բալթիմորի պարբերականներում: Գրողի ստեղծագործության մեջ առանձնանում են արձակ գործերը: 1833 թ-ին հրատարակել է առաջին՝ «Ձեռագիրը շշի միջից» պատմվածքը, 1835 թ-ին՝ «Ոմն Հանս Պֆայլի արտասովոր արկածները», 1838 թ-ին՝ «Արթուր Գորդոն Պիմի արկածների պատմությունը» պատմվածքները, որտեղ մղձավանջայինը, երևակայականն ու անբնականը միահյուսված են սարսափազդու իրականության հետ: Պոյի միստիկական ու սահմռկեցուցիչ ստեղծագործությունների մեջ մարդն անզոր էակ է ինչ-որ առեղծվածային ուժերի ձեռքին («Սև կատուն», 1843 թ., «Այլասերվածության դևը», 1844 թ.): Ըստ գրողի՝ արգահատելի դաժանությունը, անբարոյականությունը մարդու խեղված էության բնորոշ գծերից են («Էշերների տան կործանումը», 1839 թ., «Անժամանակ թաղում», 1844 թ.): Առանձին պատմվածքներում («Տապալում Մալստրեմում», 1841 թ., «Ջրհորը և ճոճանակը», 1843 թ.) սարսափի և տառապանքի նկարագրություններն ուղեկցվում են կերպարների վերլուծական մեկնություններով: «Սպանություն Մորգ փողոցում» (1841 թ.), «Գողացված նամակներ» (1842 թ.), «Ոսկե բզեզ» (1843 թ.), «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1845 թ.) դետեկտիվ ժանրի պատմվածքներում Պոն առաջին անգամ նկարագրում է վտանգներով ու փորձություններով լի հանցագործության բացահայտումը: Հետագայում Պոյի ավանդները շարունակել են Արթուր Կոնան Դոյլը, Հիլբերտ Քիտ Չեստերտոնը և ուրիշներ: Պոյի հասուն տարիքի ամենանշանավոր՝ «Ագռավ և այլ բանաստեղծություններ» (1845 թ.), ինչպես նաև «Աննաբել Լի» (1849 թ.) ժողովածուների հիմքում ողբերգական սիրո թեման է. գրողը նկարագրել է սիրած էակին կորցրած հուսահատ մարդու տառապանքները: 1848 թ-ին տպագրել է «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմը, որը գիտագեղարվեստական ժանրի առաջին գործերից է համաշխարհային գրականության մեջ: Պոյի ստեղծագործություններին հատուկ միստիկան և հիվանդագին վիճակների նկարագրության հակումը հիմք են դարձել գրականության մեջ անկումային տրամադրությունների արտահայտման: Երգիծական պատմվածքներում («Դևը զանգակատանը», 1839 թ., «Գործարար մարդ», 1840 թ., «Էսկվայր Կավկաս Թամի գրական կյանքը», 1844 թ.) նա ծաղրել է հասարակության քաղքենի ու ծախու խավին: Պոն ԱՄՆ-ի առաջին գրաքննադատներից է. քննադատական հոդվածներ է գրել Ֆենիմոր Կուպերի, Ջեյմս Լոուելի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների ստեղծագործությունների մասին: Պոն իր գեղագիտական տեսական հայացքներն արտահայտել է «Իրադարձության փիլիսոփայություն» (1840 թ.), «Ստեղծագործության փիլիսոփայություն» (1846 թ.) և «Բանաստեղծական սկզբունք» (1850 թ.) աշխատություններում. կոպիտ ու վանող իրականությանը հակադրել է ռոմանտիկական գեղեցկության իդեալը, պոեզիայի հիմնական թեման համարել է գեղեցկությունը: Պոյի ոճը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում՝ հատկապես սիմվոլիստական և դեկադենտական (անկումային) գրականության մեջ: Պոյի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ («Կենդանի թաղվածը», 1962 թ., «Ագռավ», 1963 թ., «Կախարդված ամրոցը», 1963 թ., «Կարմիր մահվան դիմակը», 1964 թ., «Ջրհորը և ճոճանակը», 1990 թ., և այլն): Էդգար Պոյի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
|