Շաշկու մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն: Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով: Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից: Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ: Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով: Ռուսական շաշկին տարածված է նաև մեր հանրապետությունում: Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա` 12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա: Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ): Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն` խաղատախտակից հանում է հակառակորդի` սեփական խաղաքարի ճանապարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր: Սրանք խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն: Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ: Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորիզոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով: 1725 թ-ին սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով` 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները: 1947 թ-ին հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով: Ներկայումս անցկացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիոնատներ: ՀՀ-ում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ: 1994 թ-ին շաշկու միջազգային օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Ն. Վարդանյանը:
|