Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է:
«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851 թ-ին Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886 թ-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը:
Շախմատ խաղում են երկուսով՝ 64 (8 x 8) մեկընդմեջ սև ու սպիտակ վանդակների բաժանված խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր, որոնց խաղի սկզբում դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում` դեմ դիմաց: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին: Խփված խաղաքարը դուրս է գալիս խաղից: Ամենազորեղ խաղաքարերն են թագուհին և նավակը: Ձին միակ խաղաքարն է, որ կարող է թռչել -անցնել մյուսների վրայով: Խաղի ընթացքում, խաղացողի ցանկությամբ, զինվորը կարող է ցանկացած խաղաքար (նաև թագուհի) դառնալ, եթե միայն կարողանա հասնել խաղատախտակի՝ հակառակորդին պատկանող կեսի վերջնագծին:
Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ (պարտություն), որով և ավարտվում է խաղը:
Հայաստանը շախմատային երկիր է: Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով: