Четверг, 26.06.2025, 04:41Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Շներ
15:49
Շներ
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան: 
Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը: Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում: Կան նաև թափառող շներ:
Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում: Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում:
Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները: Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են: Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում: Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»: Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից:
Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին:
Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը:
Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ: Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են XVII դարում  Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:
Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն:
Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները: Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան: Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները): Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից:
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է: Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է: Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս: Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը:
Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով: Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը:
Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ: Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում: Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»: Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»):
Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները: Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել: Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է: Նրա զանգվածը մինչև 3կգ է: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու: 
Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն 
հոսքն անգամ շունը կարող է զգալ. հարկավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Հապա տիեզերական թռիչքնե՞րը: Տիեզերքում արդեն «հյուրընկալվել են» մի քանի շներ (առաջինը` Լայկան):
Շնաբուծությունն ունի նաև տնտեսական զգալի նշանակություն: Փորձառու որսորդների և շնասերների կողքին հազարավոր պատանիներ սիրով խնամում, դաստիարակում ու վարժեցնում են իրենց չորքոտանի սաներին:
Просмотров: 320 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: