Շոկոլադը կակաոյի տրորած սերմերի, կակաոյի յուղի, շաքարի (սովորաբար` շաքարի փոշու) և անհրաժեշտ համ ու բուրմունք տվող հավելանյութերով պատրաստվող հրուշակեղեն է: Կակաոյի սերմերն ունեն դառը, տտիպ համ և մանուշակագույնից մինչև մոխրագույն ու սպիտակ գունավորում: Նոր հավաքած, փափուկ մասերից մաքրած սերմերը 2–7 օր ֆերմենտացնում են, որի ընթացքում սերմերը դառնում են շագանակագույն և ձեռք բերում դուրեկան բույր ու համ: Այնուհետև դրանք չորացնում են արևի տակ կամ տաք օդով: Կակաոյի սերմերի միջուկը պարունակում է ջուր, ճարպ, յուղ, օսլա, գլյուկոզ, ֆրուկտոզ, սպիտակուց, թեոբրոմին, կոֆեին, աղաղանյութեր, հանքային նյութեր: Շոկոլադը լինում է բնական, որը պարունակում է միայն կակաոյի սերմեր, կակաոյի յուղ ու շաքար, և հավելումներով, որի բաղադրության մեջ մտնում են նաև չոր կաթ, սուրճ, ընկույզ և այլն: Շոկոլադը թողարկվում է սալիկների, տարբեր նախշապատկերների, մեդալների, բատոնների, զանազան կոնֆետների և այլ ձևերով: Կակաոյի փոշուց պատրաստում են նաև հեղուկ շոկոլադ:
|