Գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Միխայիլ Շոլոխովը XX դարի ռուս գրականության խոշորագույն դեմքերից է, «Խաղաղ Դոն» մեծակտավ գործի հեղինակը: Օգտագործելով Դոնի խոսվածքը՝ նա ռուսաց լեզուն հարստացրել է ժողովրդական լեզվամտածողության արտահայտչամիջոցներով:
Միխայիլ Շոլոխովը 1914–18 թթ-ին սովորել է Վորոնեժի նահանգի Բոգուչար քաղաքի գիմնազիայում: 1922 թ-ին մեկնել է Մոսկվա՝ ուսանելու, բայց հանգամանքների բերումով չի կարողացել ընդունվել բանֆակ և աշխատել է որպես բեռնակիր, հաշվետար: 1923 թ-ին մամուլում տպագրվել են նրա առաջին ֆելիետոններն ու պատմվածքները: 1926 թ-ին վերադարձել է Կարգինսկայա ստանիցա. հրատարակել է «Դոնի պատմվածքներ», «Երկնագույն տափաստան» պատմվածքների ժողովածուները, որտեղ պատկերել է քաղաքացիական պատերազմի, դասակարգային պայքարի դաժան իրականությունը, որը կազմալուծում էր ընտանիքը, որդիներին բաժանում հայրերից: Ընտանիքը քայքայող արյունակցական կապերի խզման թեման արտացոլվել է նաև «Խաղաղ Դոն» վեպում: Գրողին համաշխարհային ճանաչում է բերել «Խաղաղ Դոն» [1928–40 թթ., ԽՍՀՄ Պետական (1941 թ.) և Նոբելյան (1965 թ.) մրցանակներ, համանուն կինոնկար՝ 1957–58 թթ.] վեպը, որտեղ համակողմանիորեն ներկայացրել է Դոնի կազակության ճակատագիրն Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.), Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության (1917 թ.) և քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին: Շոլոխովը վեպում պատմական ընթացքը պատկերել է 2 հակադիր ճամբարների ժողովրդական զանգվածների պայքարի և սիրային ու կենցաղային ուշագրավ տեսարանների հենքի վրա: Կերտել է Գրիգորի Մելեխովի, Ակսինյայի, Նատալյայի, Պանտելեյ Պրոկոֆևիչի, Կոշևոյի կենդանի, խորապես անհատականացված կերպարները, նկարագրել է միջակ ունևոր ընտանիքից սերած, ազնիվ, աշխատասեր Մելեխովի և Ակսինյայի սիրո պատմությունը, պատմական ճշմարտությունն ու կյանքի իմաստը որոնող, նոր իրականության հետ չհաշտվող, համարձակ մարդու ողբերգական ճակատագիրը: Մելեխովը վերջնականապես չի անցել «կարմիրների կողմը», որի համար հեղինակին քննադատել են խորհրդային գրախոսները: Այդ կերպարը համաշխարհային գրականության խոշորագույն նվաճումներից է: Շոլոխովը հաջորդ՝ «Հերկած խոպան» (1932–60 թթ., Լենինյան մրցանակ՝ 1960 թ., համանուն կինոնկար՝ 1959–61 թթ.) վեպում պատկերել է Դոնի կազակությանը զարգացման նոր՝ գյուղում սոցիալական վերափոխումների ժամանակաշրջանում, յուրովի գնահատել վեպում ծավալվող 1930–31 թթ-ի դեպքերն ու իրադարձությունները: Վեպի 2-րդ հատորը կորել է պատերազմի ժամանակ, հետագայում վերականգնվել է (բնագիրը հայտնաբերվել է 1999 թ-ին): Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Շոլոխովը՝ որպես «Պրավդա» օրաթերթի թղթակից, եղել է ռազմաճակատում, հրապարակել հոդվածներ, ակնարկներ ու պատմվածքներ՝ նվիրված ռազմիկների սխրագործություններին («Ատելության գիտությունը», 1942 թ., հրապարակախոսական պատմվածք): 1943–44 թթ-ին «Պրավդա», «Կրասնայա զվեզդա» թերթերում տպագրվել են Շոլոխովի «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» (նոր տարբերակը հրատարակվել է 1969 թ-ին) վեպի առանձին գլուխներ, որտեղ հեղինակը սիրով ու ակնածանքով է խոսում ժողովրդի հերոսության ու քաջության մասին: «Մարդու ճակատագիրը» (1956–57 թթ., համանուն կինոնկար՝ 1959 թ.) պատմվածքի հիմքում պատերազմի արհավիրքներով անցած Անդրեյ Սոկոլովի ողբերգական ճակատագիրն է: Պատերազմից հետո Շոլոխովը հրատարակել է հրապարակախոսական գործեր («Խոսք Հայրենիքի մասին», «Պայքարը շարունակվում է», երկուսն էլ՝ 1948 թ., «Լույս և խավար», 1949 թ., և այլն): Շոլոխովին 2 անգամ (1967 և 1980 թթ.) շնորհվել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, պարգևատրվել է ԽՍՀՄ և բազմաթիվ այլ երկրների շքանշաններով: Նրա անունով է կոչվել 2448-րդ աստղակերպը: 2005 թ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Շոլոխովի տարի: Դոնի Ռոստով քաղաքում կանգնեցվել է նրա հուշարձանը:
|