Թամարը (Թամար Մեծ) Վրաստանի թագուհին էր 1184–1213 թթ-ին, վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներից: Նրա օրոք Վրաց թագավորությունը հասել է հզորության ու ծաղկման գագաթնակետին: Պետությանը և թագուհուն նեցուկ են դարձել Սարգիս Զաքարյանը (Սարգիս Մեծ) և նրա որդիներ Զաքարե Բ Մեծն ու Իվանե Ա-ն:
Թամարի հայրը՝ Գեորգի III-ը (թագավորել է 1156–84 թթ-ին), 1178 թ-ին նրան նշանակել է գահակից: Ինքնուրույն գահակալել է հոր մահից (1184 թ.) հետո: Գահակալության առաջին տարիներին ավատատիրական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանությունը սահմանափակելու պահանջով: Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իշխանության իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից: Զաքարյանները, որ վրաց Բագրատունիների պետության ամենաազդեցիկ դեմքերից էին, գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ: 1195 թ-ին վրացական և հայկական զորքերը՝ Զաքարե Բ Մեծի հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին: Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.): Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները: Զաքարե Բ Մեծի մղած պատերազմների շնորհիվ ազատագրվել է Հյուսիսարևելյան Հայաստանը, կազմավորվել և հզորացել է Զաքարյանների իշխանապետությունը: Իվանե Ա-ն ճնշել է կովկասյան լեռնականների ապստամբությունը Թամարի դաժան հարկային քաղաքականության դեմ: Թամարի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջնթացով: Թամարը 1185 թ-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի (Գեորգի) հետ, երկրորդ անգամ՝ 1189 թ-ին՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի (մահացել է 1207 թ-ին) հետ: Թամար թագուհուն է նվիրված Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը: Նրա կերպարին անդրադարձել է Ալեքսանդր Վերմիշևը` «Ամիրսպասալարը» վեպում: Վրաց և ռուսաց եկեղեցիները Թամար թագուհուն կարգել են սրբերի դասը՝ որպես տոնելի սուրբ: 1917 թ-ից վրաց եկեղեցին ամեն տարի մայիսին նշում է սբ Թամարի տոնը՝ Թամարոբան: Ախալցխայում կանգնեցվել է Թամար թագուհու հուշարձանը:
|