Ընտրություններն ընթացակարգ են՝ իշխանության ներկայացուցչական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու հիմնարկությունների ղեկավար մարմիններ ընտրելու համար: Վերջիններիս դեպքում ընտրություններն իրականացվում են դարձյալ քվեարկության միջոցով՝ տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: Իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրություններ անցկացնելու համար ստեղծվում է պետական ներկայացուցչական մարմին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը հսկողություն է իրականացնում ընտրական օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ: Ընտրական իրավունքից օգտվում է 18 տարին լրացրած յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ օրենքով անմեղսունակ ճանաչվածի): Ընտրությունները կատարվում են փակ (գաղտնի) կամ բաց քվեարկությամբ: Խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կատարվում են ինքնաառաջադրմամբ կամ կուսակցությունների կողմից թեկնածություններ առաջադրելով: Ընտրություններն իրականացվում են 2 ընտրակարգով՝ համամասնական և մեծամասնական: Համամասնական ընտրակարգով քվեարկությամբ որոշվում են կուսակցությունների վարկանիշները, որոնց համապատասխան էլ բաշխվում են, օրինակ, խորհրդարանական տեղերը: Այդ եղանակով խորհրդարան են մտնում միայն այն ուժերը, որոնք հաղթահարում են օրենքով սահմանված շեմը. Հայաստանում այն սահմանված է 5 %, Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում՝ 7 %, և այլն: Խորհրդարան չմտած կուսակցությունների ձայները բաշխվում են ընտրված կուսակցությունների միջև՝ իրենց վարկանիշին համապատասխան: Մեծամասնական ընտրություններում ընտրողները քվեարկում են որոշակի անձանց. ընտրվում է միայն ձայների պարզ մեծամասնություն ստացածը: Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների ընդհանուր թիվը սահմանված է 131, որից 90-ը ընտրվում է համամասնական, 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Որոշ երկրներում սովորական քվեաթերթիկների փոխարեն ընտրությունը կատարվում է էլեկտրոնային սարքերով, որն զգալիորեն հեշտացնում է ձայների հաշվարկը: Ընտրության այդ ձևը կոչվում է էլեկտրոնային քվեարկություն: Ընտրական հանձնաժողովների աշխատանքը հսկելու նպատակով վերջին տարիներին իրականացվում է նաև հարցում՝ ելքի հարցախույզ (էկզիտ-պոլ). արձանագրում և համեմատում են ընտրողների կատարած ընտրության և ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքները: Ընտրությունները լինում են ուղղակի և անուղղակի: Ռուսաստանում, ԱՊՀ-ի մյուս և աշխարհի բազմաթիվ երկրներում երկրի նախագահն ընտրվում է ուղղակի ընտրություններով՝ 5–7 տարի ժամկետով: ԱՄՆ-ի նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով՝ փոխնախագահի հետ միասին՝ անուղղակի (երկաստիճան) ընտրակարգով: Նախագահին և փոխնախագահին ուղղակիորեն ընտրում է ընտրող ներկայացուցիչների կոլեգիան: Յուրաքանչյուր նահանգի Օրենսդիր ժողով ընտրում է որոշակի թվով (Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների թվին հավասար) ընտրող ներկայացուցիչներ, ովքեր էլ քվեարկում են իրենց նախընտրած նախագահի և փոխնախագահի օգտին՝ առանձին-առանձին: Ընտրվում է այն թեկնածուն, ով ստանում է ձայների պարզ մեծամասնությունը:
|