Զբոսայգիները ծառուղիներով, ջրային ավազաններով, խաղահրապարկներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնական կամ արհեստական կանաչապատ տարածքներ են, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է զբոսնել, մաքուր օդ շնչել, հանգստանալ, իսկ գարնանը, ամռանը և աշնանը՝ զովանալ սաղարթախիտ ծառերի ստվերում, շատրվանների մոտ, նավարկել ջրավազաններում, պտտվել կարուսելով, ճոճվել ճոճանակով, մտնել «ծուռ հայելիների» սենյակը և լիաթոք ծիծաղել, վեր ու վար անել, փոքրիկ էլեկտրաավտոմեքենաներ վարել, «փորձարկել» բազմապիսի տիեզերական սարքեր, համերգ լսել, խաղալ խաղահրապարակներում, իսկ որոշ զբոսայգիներում, օրինակ` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող Դիսնեյլենդ մանկական զբոսայգում, սեփական աչքերով տեսնել գրքերից ծանոթ և սիրելի հեքիաթների աշխարհը: Զբոսայգիները հին պատմություն ունեն: Հարյուրամյակներ շարունակ զբոսայգիներում ծառերն ու թփերը տնկում էին կանոնավոր շարքերով, խուզում հավասար, խիստ երկրաչափական ձևի, կլոր և ուղղանկյունաձև: Զբոսայգիները զարդարում էին շատրվաններով, մարմարե արձաններով ու սկահակներով: Այդպիսի զբոսայգիներն անվանում են կանոնավոր կամ «ֆրանսիական»: Կանոնավոր զբոսայգիներ եղել են դեռևս Հին Եգիպտոսում (Թեբե, մ. թ. ա. XV դար) և Բաբելոնում [Շամիրամ թագուհու կախովի այգիները (մ. թ. ա. VI–IV դարեր)՝ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը]: XVII–XVIII դարերում հրաշալի կանոնավոր զբոսայգիներ են ստեղծվել Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում: XVIII դարում Եվրոպայում սկսեցին ստեղծել, այսպես կոչված, բնապատկերային կամ «անգլիական» զբոսայգիներ, որոնք առաջինը երևան եկան Անգլիայում (Սթոու, ի դեպ` անգլիացիները հայտնի են զբոսայգիներ հիմնելու և խնամելու իրենց արվեստով), ապա՝ Ֆրանսիայում (Էրմենոնվիլ), Ռուսաստանում (Պավլովսկ): Բնապատկերային զբոսայգիները վայրի, անաղարտ բնության կտորներ են: Այլ կերպ ասած` դրանց հիմքում ընկած է բնական լանդշաֆտի ստեղծագործական մշակումը: Խոշոր քաղաքների կամ նրանց առանձին հատվածների շուրջը հաճախ ստեղծում են անտառ-զբոսայգիներ, որոնք հիմնականում կուսական բնության անկյուններ են: Այդպիսին են, օրինակ, Երևանի կենտրոնի Օղակաձև զբոսայգին, Հաղթանակի զբոսայգին: Իր նպատակայնությամբ և դիրքով շատ յուրօրինակ է Երևանի Ծիծեռնակաբերդի զբոսայգին, որտեղ կառուցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը: Երևանում և այլ քաղաքներում գործում են բազմաթիվ զբոսայգիներ: Հայաստանում զբոսայգիներ ստեղծվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակում, հիմնականում՝ բնապատկերային եղանակով: Միջնադարում իշխանական տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները. քաղաքներում, որպես կանոն, եղել են նաև պտղատու այգիներ՝ Վանի Այգեստանը, Երևանի Դալմայի այգիները, Էջմիածնի, Աշտարակի այգիները և այլն: Երևանի առաջին հասարակական զբոսայգին եղել է Անգլիական (այժմ` Թատերական` Պետական ակադեմիական թատրոնին մերձակա) այգին: - Առավել հայտնի զբոսայգիներն են. Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին, Բուլոնյան անտառը` Փարիզում, Տիրգարդենը` Բեռլինում, Դիսնեյլենդը` Ֆլորիդայում (ԱՄՆ), Լեգոլենդը` Բիլունդում (Դանիա):
|