Զիմբաբվեն գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները: Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ): Կլիման արևադարձային է: Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն: XIX դարի 80-ական թվականներից Զիմբաբվեն գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: 1895 թ-ից կոչվել է Հարավային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953– 1963 թթ-ին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում: 1970 թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվեց Ռոդեզիայի Հանրապետություն, 1980 թ-ի փետրվարից՝ Զիմբաբվեի Հանրապետություն: Երկրի բնակչության 97%-ը աֆրիկացիներ են (մաշոնաներ, մատաբելեներ և այլք): Զիմբաբվեի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Արդյունահանում են քրոմիտներ, ոսկի, երկաթ, պղինձ: Կան մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ: Մշակում են ծխախոտ, շաքարեղեգ, բամբակենի, եգիպտացորեն, գետնանուշ և այլն:
|