Զինված ուժերը (ԶՈւ) պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: ԶՈւ-ի սպառազինությունը պայմանավորված է տվյալ երկրի տնտեսական հզորությամբ:
Ժամանակակից ԶՈւ-ը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, ռազմածովային նավատորմից, որոնք իրենց հերթին բաղկացած են զորատեսակներից, հատուկ զորքերից, ղեկավար (հրամանատարական) մարմիններից և թիկունքի ծառայությունից: Ցամաքային զորքերը (կոչվում է նաև բանակ) բաղկացած են հետևակից, հրետանուց, կապի զորքերից, տանկային զորամիավորումներից, ճարտարագիտական և այլ զորքերից: Հետևակը զինված է ինքնաձիգներով, նռնակներով, նաև հրթիռներով: Հրետանին հետևակին օժանդակում է կրակով: Կապի զորքերը հավաքում են տեղեկություններ և հաղորդում հրամաններ: Տանկային զորամիավորումները լայնածավալ պատերազմների գլխավոր գրոհային միջոցներն են: Ճարտարագիտական զորքերը կառուցում են ճանապարհներ, կամուրջներ և երկաթուղիներ, վնասազերծում ականապատված դաշտերը, կազմակերպում զորքերի գետանցումը: Ցամաքային զորքերում կան նաև դեսանտային զորքեր (գրոհային ու պարաշյուտային զորամասեր), բժշկական, մատակարարման (ինտենդանտային) և հետախուզական ստորաբաժանումներ, ռազմական ոստիկանություն: Տեխնիկական զորամասերը մյուս զորքերին մատակարարում են տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, իսկ տրանսպորտային զորամասերը նախատեսված են ռազմափոխադրական ինքնաթիռներով և ուղղաթիռներով, դեսանտային ավտոմեքենա-ամենագնացներով զորքերն արագ տեղափոխելու համար: Ռազմաօդային ուժերը ներառում են մարտական և ուսումնամարտական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ (ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական, տրանսպորտային) և դրանք սպասարկող ու ղեկավարող անձնակազմերը: Մարտական ինքնաթիռներն օգտագործվում են և՜ պաշտպանության, և՜ հարձակման ժամանակ թշնամու զինվորներին, ամրություններն ու ռազմանավերը ռմբակոծելու, ռազմաօդային ուժերը վնասազերծելու և տեղանքը հետախուզելու համար: Ռազմաօդային ուժերի օգնությամբ կարելի է ոչնչացնել արդյունաբերական ձեռնարկություններ, ճանապարհներ ու երկաթուղիներ և թուլացնել թշնամու մարտունակությունը: Ռազմածովային ուժերն օգտագործվում են հակառակորդի ռազմանավերը, սուզանավերն ու ավիակիրները հայտնաբերելու և ոչնչացնելու, ինչպես նաև ցամաքային նշանակետերը խոցելու համար: Ռազմածովային նավատորմում կան նաև զորք ու տանկեր փոխադրող դեսանտանավեր և բեռներ ու սարքավորումներ տեղափոխող նյութատեխնիկական ապահովման նավեր: ՀՀ պաշտպանության նախարարությունն ստեղծվել է 1991 թ-ի հունվարի 28-ին՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության նոր փուլ, որը շարունակվում է մինչև օրս: ՀՀ Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ ԶՈւ-ն համալրում են 18 տարին լրացրած երիտասարդների զինակոչի, ինչպես նաև պայմանագրային ծառայության միջոցով, իսկ ժամկետային ծառայությունը սահմանված է 2 տարի: ՀՀ ԶՈւ-ն կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, hակաօդային պաշտպանության զորքերից և սահմանապահ զորքերից: ՀՀ ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ԶՈՒ-ն գլխավորում է պաշտպանության նախարարը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պաշտպանում է ԼՂՀ Պաշտպանական բանակը: 1993 թ-ի նոյեմբերի 10-ից շարունակվում է ԼՂՀ Պաշտպանական բանակի կայացումը՝ որպես հայոց բանակաշինության կարևոր մաս:
|