ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ցոլակ Ամերիկյանը Մանուկ աղայի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ») լավագույն դերակատարն է խորհրդահայ թատրոնում:
Ցոլակ Ամերիկյանը (իսկական անուն-ազգանունը՝ Գալուստ Սուլուլիկյան) մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Բաթում: Սովորել է տեղի հայկական ծխական դպրոցում, ապա՝ ռուսական քաղաքային ուսումնարանում, հետագայում կրթությունը շարունակել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում: 1906 թ-ին վերադարձել է Բաթում և նույն թվականին տեղի հայկական սիրողական թատերախմբում արել բեմական առաջին քայլերը: 1909 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, խաղացել Ամո Խարազյանի խմբում և Արաքսյանի թատրոնում՝ Ցոլակ Ամերիկյան բեմական անունով: 1910 թ-ին մեկնել է Էրզրում, կազմակերպել ներկայացումներ և խաղացել Էլիզբարովի, Գիժ Դանիելի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Աբիսողոմ աղայի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Քաղաքագլխի (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») և այլ դերեր: Վերադառնալով Կովկաս՝ Ամերիկյանը հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի թատերախմբերում, շրջագայել Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի և Արևմտյան Հայաստանի հայաշատ վայրերում, ապա աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: 1931 թ-ից եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի դերասան: Ամերիկյանի ստեղծած բազմաթիվ պատմության մեջ. դրանցից են՝ Սատին (Մաքսիմ Գորկու «Հատակում»), Մանուկ աղա (Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Շահ Զեիր (Մկրտիչ Ջանանի «Շահնամե»), Շայլոկ, Մալվոլիո (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր»), Մամլոկ (Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ»), Շպուլենկո (Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), որոնք տոգորված են բեմական հմայքով ու ներշնչանքով: Նա նկարահանվել է նաև կինոյում. լավագույն դերերից են՝ Աթյուն ապեր («Զանգեզուր», 1938 թ.), Առաքել («Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թ.), Նիկողոս աղա («Տժվժիկ», 1961 թ.), Վարպետ Օհան («Փառքի օղակներ», 1962 թ.):
|