Среда, 25.06.2025, 16:06Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Աքվարիում
15:08
Աքվարիում
Աքվարիումն անոթ է ջրային կենդանիների և բույսերի պահպանման, բազմացման ու ցուցադրման համար: Տնային աքվարիումները լինում են մետաղե հիմնակմախքով և ապակե պատերով կամ ամբողջովին ապակե, երբեմն՝ օրգանական ապակուց: Աքվարիումում ձկնիկներն իրենց պետք է նույնքան լավ զգան, որքան լճակում և գետակում: Ուստի նախապես ցանկալի է ծանոթանալ ձկներին աքվարիումում պահելու պայմաններին:
Նախ հարկավոր է աքվարիումը լիքը լցնել ջրով և թողնել 2 օր, ապա ջուրը թափել և հատակին 5–6 սմ հաստությամբ գետային գորշ ավազ փռել: Այնուհետև աքվարիումում պետք է տնկել ջրաբույսեր (ցանկալի է ՀՀ ջրամբարներում ու գետերում տարածված տեսակներ, ինչպես նաև կենդանաբանական խանութից գնած` վալիսներիա, ջրասպար, նետատերև), որից հետո աքվարիումի 1/2 մասը զգուշորեն լցնել ջրով: Աքվարիումի մեջ պետք է գցել նաև լողացող բույսեր (ջրոսպ կամ ռիչիա): Որպեսզի տնկած բույսերն ամրանան, և ջուրը թափանցիկ դառնա, հարկավոր է մի քանի օր սպասել, ապա աքվարիումը բնակեցնել ձկներով: Հարկավոր է իմանալ նաև, թե ինչպիսի խխունջներ կարելի է գցել աքվարիումի մեջ (օրինակ` լճախխունջը կարող է փչացնել աքվարիումի մեջ եղած բույսերը): Երբ վերջապես աքվարիումը պատրաստ է, սկզբնական շրջանում հարկավոր է պահել սովորական փոքրիկ ծածաններ կամ նրանց մոտիկ ազգականների ոսկե ձկնիկներ և նրանց տարատեսակները՝ շղարշապոչեր, աստղադիտակներ, գիսավորներ: Այս ձկնիկներն իրենց լավ են զգում 20օC-ի պայմաններում: Նրանցով բնակեցված աքվարիումները չի կարելի դնել տաքացուցիչների, ջեռուցման մարտկոցների և վառարանների մոտ, իսկ տարվա ցուրտ եղանակներին պետք է լուսամուտից հեռու պահել: Երբ ջրի ջերմաստիճանը 14օC-ից նվազում է, ձկները կարող են հիվանդանալ ու սատկել: Աքվարիումին լավ հարմարվում են նաև տարաշխարհիկ ձկներ`  թրակիրները, գուպպիները, բավղաձկները: Սրանք ջերմասեր են, ուստի անհրաժեշտ է, որ ջրի ջերմաստիճանը լինի 25օC-ին մոտ: Այդ ձկներով բնակեցված աքվարիումը տաքացնում են անդրադարձիչ ունեցող էլեկտրական լամպով, որը դրսից կախում են աքվարիումի պատին:
Անհրաժեշտ է իմանալ, թե որ ձկանը ինչպես կերակրել. փոքր ծածանին, ոսկե ձկնիկին և նրա տարատեսակներին կերակրում են օրը մեկ անգամ, ավելի լավ է՝ կենդանի կերով՝ թրթուրներով, որդերով: Կարելի է տալ նաև մանր կտրատած մսի և լյարդի կտորներ, հացի փշրանք: Տարաշխարհիկ ձկներին կերակրում են թրթուրներով, ջրալվերով, կիկլոպներով՝ օրընդմեջ: Չոր կեր (չորացրած ջրալվեր ու կիկլոպներ) տալիս են կենդանի կեր չունենալու դեպքում: Չի կարելի չափից ավելի կերակրել ձկներին: 
Աքվարիումի ջուրը փոխելու համար նրա մի մասը լցնում են բանկայի մեջ և ձկներին տեղափոխում այնտեղ: Բանկայի մեջ նոր ջուր լցնել չի կարելի, քանի որ կարող է ջրի ջերմաստիճանն ընկնել, իսկ ձկները չեն սիրում ջրի ջերմաստիճանի տատանումները: Ձկներին տեղափոխելուց հետո հարկավոր է աքվարիումում մնացած հին ջուրը թափել, հատակին նստած տիղմը մաքրել, ապա նորից լցնել նախկին ջերմաստիճանի մաքուր ջուր և ձկներին վերադարձնել աքվարիում:
Աքվարիումային ձկներից ամենատարածվածը ոսկե ձկնիկն է, որից Չինաստանում և Ճապոնիայում ստացել են գեղազարդիչ ձկների շատ տեսակներ: Ժամանակակից աքվարիումներում պահում են նաև մարգարտյա գուրամի, դրոշանման թրակիր, քնար մոլինեզիա, կռվարար ձկնիկ, սկալյարիա, սկավառակաձև պերկես, սումատրայի բարբուս, խատուտիկ լոքոյիկ, նոտոբրանխիուս, կարմիր նեոն, ցիկլազոմա միկա և այլ ձկնատեսակներ: Գիտական նպատակներով, ցուցադրումների համար օգտագործում են խոշոր աքվարիումներ` մեկուսացված ծովային հատվածներ, որտեղ պահվում են ծովերում և քաղցրահամ ջրերում ապրող կենդանական ու բուսական աշխարհների ներկայացուցիչներ: Ծովային խոշոր կենդանիների համար աքվարիումները սովորաբար տեղադրում են ծովափերին: Այսպիսի աքվարիումներ առաջինը ստեղծել են XIX դարի 2-րդ կեսին (Սևաստոպոլում՝ 1871-ին, Նեապոլում՝ 1872-ին): Ծովային որոշ աքվարիումներ կոչվում են օվկիանարիումներ: 
Ժամանակակից քաղցրահամ և ծովային աքվարիումներում ցուցադրման ու գիտական նպատակներով (կենդանիների վարքը և կենսակերպն ուսումնասիրելու համար) բազմացնում են խոշոր սաղմոնաձկներ, տափակաձկներ, շնաձկներ, կատվաձկներ և այլն: Վերջին շրջանում կենդանի ձուկ վաճառողները նույնպես վաճառքի կետերում պատրաստում են հատուկ աքվարիումներ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 365 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: