Մոտ 1590 թ., Թավրիզ 1670 թ., Վաղարշապատ, թաղված է Էջմիածնի Սբ Գայանե վանքի գերեզմանոցում:
Պատմագիր և եկեղեցական գործիչ Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» հայ ժողովրդի` 1602–62 թթ-ի հասարակական-քաղաքական և տնտեսական ու մշակութային կացության նկարագրությունն է:
Առաքել Դավրիժեցին իր ծննդավայրի անունով կոչվել է Դավրիժեցի (Թավրիզեցի): Ուսանել է Սբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն (1632–55 թթ.): Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, եղել է Էջմիածնի միաբանության անդամ, ապա՝ Հովհաննավանքի առաջնորդ: Որպես Էջմիածնի նվիրակ՝ այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներ և Մայր աթոռի համար կատարել հանգանակություն: Փիլիպոս Ա-ի հանձնարարությամբ 1651–62 թթ-ին գրել է «Պատմություն» (կոչվում է նաև «Գիրք պատմությանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ ներկայացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական դրությունը, թուրք-պարսկական պատերազմների պատմությունը, ջալալիների շարժումը և Շահ Աբբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթը (1604 թ.): «Պատմությունը» եզակի տեղեկություններ է հաղորդում նաև Լվովի հայերի կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ: Հատկապես արժեքավոր են աշխատության այն գլուխները, որոնք վերաբերում են լեհահայ գաղութի կյանքին, մասնավորապես լեհահայերի բռնի կաթոլիկացմանը, Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչի ազգադավ գործունեությանը և այլ հարցերի: Առաքել Դավրիժեցու երկը բացառիկ կարևորության աղբյուր է Այսրկովկասի, Թուրքիայի և Պարսկաստանի XVII դարի 1-ին կեսի պատմության մասին, ունի համառոտ ժամանակագրություն (613 թ.– XVII դարի կես): Զետեղված է նաև թուրք և պարսիկ տիրակալների իշխանության, Սսի և Էջմիածնի կաթողիկոսների գահակալության ժամանակագրությունը: Դավրիժեցին այն եզակի պատմիչներից է, ովքեր, որպես պատմության հավաստի աղբյուր, օգտագործել են մեր ձեռագրերի հիշատակարանները: «Պատմությունն» առաջին անգամ լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք՝ 1669 թ-ին Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու խմբագրությամբ: Այնուհետև հրատարակվել է ևս 3 անգամ, քննական հրատարակությունը՝ 1990 թ-ին: Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874 թ.), ռուսերեն (1973 թ.), լեհերեն (1981 թ.), հատվածաբար՝ վրացերեն (1974 թ.): Պատմագիրը հեղինակ է նաև կրոնական բովանդակությամբ 2 տաղի: Առաքել Դավրիժեցին առաջին հայ պատմիչն է, որի երկը լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք:
|