Նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Առաքելյանը խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից:
Սեդրակ Առաքելյանը 1908 թ-ին ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին, 1916 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: 1919 թ-ին տեղափոխվել է Երևան: 1921–37 թթ-ին Առաքելյանը եղել է Երևանի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) հիմնադիր-դասատուներից, 1921–25 թթ-ին՝ վարիչ: 1905–08 թթ-ին նկարիչն աշխատակցել է «Հասկեր» ամսագրին և «Մաճկալ» թերթին: Նրա արվեստը ձևավորվել է Ե. Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ: Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը: Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները: Գյուղական պատկերներից են՝ «Հաց են թխում» (1914 թ.), «Ցորեն են ծեծում» (1915 թ.), «Գյուղական բակ» (1927 թ.), «Կալը Սևանի ափին» (1928 թ.), «Աղբյուրի մոտ» (1928 թ.), բնապատկերներից՝ «Առաքելոց եկեղեցին. Սևան» (1923 թ.), «Գարունը Երևանում» (1926 թ.), «Աշուն. Երևանի մի անկյունում» (1926 թ.), «Հին Գորիս» (1940 թ.) և այլն: Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով: Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան: Կարմիր ճայեր», 1926 թ., «Փշատաքաղ», 1936 թ.): Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների: Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924 թ.), Նյու Յորքի (1929 թ.), Ստոկհոլմի (1930 թ.), Փարիզի (1934 թ.) ցուցահանդեսներին:
|