Այրուձին (ձիավոր զորք) հայոց հեծելազորն էր հին և միջին դարերում:
Հայկական լեռնաշխարհի բնակիչները մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են ռազմակառքեր, ունեցել են հեծյալ զորախմբեր: Մ.թ.ա. VI դարում Երվանդունիներն ունեցել են 8 հզ. հեծելազոր ու 40 հզ. հետևակ, իսկ Գավգամելայի ճակատամարտում (մ. թ. ա. 331 թ.) Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսից բանակի կազմում կռվել է Մեծ Հայքի 7-հզ-անոց այրուձին: Արտաշիսյանների (մ. թ. ա. 189– 1 թթ.) օրոք ստեղծվել են հեծելազորային միավորումներ, որոնց կորիզը ծանրազեն կամ սպառազեն հեծելազորն էր: Հեծելամարտիկները կրել են մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրնքակալ, լանջապանակ, սռնապան և այլն): Զրահով պաշտպանված էին նաև ձիու մարմնի առավել խոցելի տեղերը: Գլխավոր զենքը նիզակն էր: Հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը զրահակիր հեծելազորն էր: Թեթևազեն հեծելազորը, որի համար ընտրել են համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում, ապահովում էր բանակի մարտակարգը, հետապնդում թշնամուն, հետախուզում և կատարում այլ պարտականություններ: Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր: Արշակունիների (66–428 թթ.) օրոք այրուձին, մասնավորապես ծանրազենը, համալրվել է ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության անքակտելի մասն էր ձիավարժությունը: Համաձայն հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին հրովարտակի, որը կոչվում էր Զորանամակ, IV դարում 86 նախարարություն ներկայացրել է 84 հզ. ձիավոր մարտիկ, իսկ արքայականը 40 հզ. էր: Արշակունիների անկումից հետո հայկական այրուձիու թիվը նվազել է: Մարզպանական Հայաստանում (V–VII դարեր) այրուձին 30 հզ-ից չէր անցնում: 529 թ-ին հատուկ հրովարտակով Հուստինիանոս I կայսրը Հայաստանի բյուզանդական մասում արգելել է նախարարներին հեծյալ ուժեր ունենալ (արգելքը տևել է մինչև արաբական նվաճումները` VII դարի կես): 652 թ-ի հայ-արաբական պայմանագրի համաձայն՝ Հայաստանը կարող էր պահել 15-հզ-անոց այրուձի (նախկին 30 հզ-ի փոխարեն), որի ռոճիկը վճարելու էին արաբները: Այս կարգը պահպանվել է մինչև Աբդուլլահ խալիֆի (750–775 թթ.) իշխանությունը: Բագրատունիների (885–1045 թթ.) օրոք նույնպես այրուձին համալրել են գերազանցապես ազատները: Գագիկ Ա-ի (989–1020 թթ.) ժամանակ արքունական զորագնդերում հաշվվում էր 55 հզ., իսկ իշխանականում՝ 45 հզ. զինվոր: XII–XIII դարերում հայկական հեծելագնդերը Զաքարյան իշխանների գլխավորությամբ մեծապես օգնել են վրացական պետության հզորացմանը և սելջուկյան թուրքերից հայկական հողերի ազատագրմանը: XIII–XIV դարերում թաթար-մոնղոլական նվաճողներն արգելել են հայկական հեծելազորի ինքնուրույն գոյությունը: Կիլիկիայի հայկական պետությունում (XI–XIV դարեր) այրուձին համալրող մանր ազնվականները («ձիավորներ» կամ «հեծվորներ») զգեստավորվել և զրահավորվել են եվրոպական խաչակիր ասպետների պես, ստացել զինվորական կրթություն: Պատերազմների ժամանակ հատուկ հեծելագունդ է ստեղծվել ցածր խավերից, որը կոչվել է «ցած հեծելվորք» կամ «ցած շինականք հեծելվորք»:
|