Բալենին վարդազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ: Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից: ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին: Բալենին թուփ է կամ ծառ, բարձրությունը՝ 2–10 մ: Տերևները հերթադիր են, ամբողջական, էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ: Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները սպիտակ են: Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, եթերայուղ, ամիգդալին: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի): Բժշկության մեջ կիրառվում է պտուղը, հյութը, օշարակը:
|