Բաքուն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է. առաջին անգամ հիշատակվել է V դարում:
Բաքուն (ադրբեջաներեն՝ Բաքի, հավանաբար ծագել է պարսկերեն բադ քուբե-ից. նշանակում է` քամահարված): Գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին՝ Ապշերոնյան թերակղզու հարավում՝ դեպի Բաքվի ծովախորշ իջնող սարավանդի վրա: Ծովային նավահանգիստ է և երկաթուղային հանգույց: Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն): Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թ-ից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն: Բաքուն 1540 թ-ին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը: 1747 թ-ին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը: Ռուս-պարսկական պատերազմի (1804–13 թթ.) ժամանակ՝ 1806 թ-ին, Բաքուն միացվել է Ռուսաստանին: Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի, 1991 թ-ից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է: Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (XV դար), Սընըղ Կալա մզկիթը (XI դար), Բաիլովյան քարերը (XIII դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, XIII դար) և այլն: Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն: 500 թ-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին: XIX դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին: Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին [Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ], ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային): Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում: Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին: 1863–69 թթ-ին հայերը Բաքվում կառուցել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1895 թ-ին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թ-ին՝ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս եկեղեցին: Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թ-ին, և արդեն XIX դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–50-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի: Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում: Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թ-ին. բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–49 թթ-ին): Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ: Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ: Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն: 1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–17 թթ-ին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը: Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ: Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը: 1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հզ. հայ: Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թ-ին: 1990 թ-ի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից:
|