Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը XIX դարի ամենանշանավոր ստեղծագործողներից է: Նրա սկզբնավորած գրական-բանաստեղծական ուղղությունը նշանակալիորեն ազդել է տարբեր լեզուներով ստեղծագործող բազմաթիվ բանաստեղծների վրա:
Ջորջ Բայրոնը ծնվել է ազնվականի ընտանիքում: 18 տարեկանում ստացել է լորդի տիտղոս, 21-ում դարձել Անգլիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ: Որոշ ժամանակ սովորել է Քեմբրիջի համալսարանում: «Պարապության ժամեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1807 թ-ին, սակայն ճանաչվել է «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմով: Պոեմի հերոսը խոր ցավով ու հիասթափությամբ հեռանում է հայրենիքից, ճամփորդում Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Ալբանիայում: Բայրոնը նկարագրել է այդ երկրների բարքերը, բնությունը, ժողովրդի ծանր կացությունը օտար լծի տակ, խոսել ազնվականության բարոյական անկման, եվրոպական քաղաքական կարգերի անկատարության և ազգային-ազատագրական շարժման մասին: Նա հորդորել է ժողովուրդներին չհանդուրժել օտարի լուծը և պայքարել ազատության համար: Անհատի ճակատագրի ողբերգականությունն է արտահայտված Բայրոնի արևելյան պոեմներում՝ «Գյավուր», «Ծովահենը», «Լարա», «Կորնթոսի պաշարումը»: 1816 թ-ին Բայրոնն ընդմիշտ հեռացել է Անգլիայից. ապրել է Շվեյցարիայում և Իտալիայում: Նույն թվականի աշնանը հաստատվել է Վենետիկում, որտեղ ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործիչների հետ. հայոց լեզու և պատմություն ուսումնասիրելու նպատակով կանոնավոր այցելել է Սբ Ղազար կղզի: Նրան ուսուցանել է ականավոր գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանը: Բայրոնը նրա հետ հրատարակել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, որտեղ նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, որտեղ արծարծել է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերեն է թարգմանել երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ: 1816–20 թթ-ին գրել է մի շարք պոեմներ, դրամա, վեպ: «Շիլիոնի կալանավորը» պոեմում փառաբանել է ազատությունն ու հանրապետական հայացքների տեր հերոսի քաղաքացիական առաքինությունները: «Մանֆրեդ» պոեմում կյանքից հուսախաբ հերոսը տենչում է հավիտենական մոռացություն և հեռանում է Ալպեր՝ մահ որոնելու: «Կայեն» պոեմի հերոսը նույնպես դժգոհ է կյանքից, մարդկանցից և աշխարհից, սակայն, ի տարբերություն Մանֆրեդի, ձգտում է ճանաչել իսկական կյանքը, պարզել չարիքի պատճառը: «Դոն Ժուան» չափածո վեպում Բայրոնն արտացոլել է XIX դարասկզբի հեղափոխական, ազատասիրական շարժումները, քննադատել Եվրոպայում և Արևելքի երկրներում իշխող կարգերը, սպանիչ ծաղրի ենթարկել թուրքական իշխանությանը: 1823 թ-ին, մինչ Հունաստան մեկնելը, կրկին այցելել է Սբ Ղազար կղզի, հրաժեշտ տվել իր հայ բարեկամներին: Հունաստանում մասնակցել է հակաթուրքական ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը, սակայն 1824 թ-ի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել: Բայրոնի ստեղծագործությունն ազդել է Ղևոնդ Ալիշանի, Սմբատ Շահազիզի, Հովհաննես Թումանյանի, Ռուբեն Որբերյանի և ուրիշների պոեզիայի վրա: Բայրոնի անունով են կոչվել Գյումրիում երկրաշարժից հետո անգլիացիների կառուցած դպրոցը, փողոցներ՝ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:
Բայրոնը եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, սովորել է հայերեն և ծանոթացել հայ մշակույթին: Նա Հայաստանի մասին ասել է. «Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքըրքիր երկրներից մեկը»: «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերևս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը...»: Չ. Գամմել, անգլիացի բանաստեղծ
|