Բազմոտանիները պատկանում են հոդվածոտանիների տիպի միրապոդա կոչվող ցամաքային անողնաշարավորների շարքին: Ներկայումս բազմոտանիներին դիտում են որպես 4 դասերի (սիմֆիլներ, պաուրոպոդներ, շրթնոտանիներ, զույգբազմոտանիներ) հավաքական խումբ: Լայնորեն տարածված է շուրջ 53 հզ. տեսակ, ՀՀ-ում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը և սովորական ճանճորսը: Մարմինը որդանման է՝ բաժանված հոծ գլխի և երկարացած մարմնի, որը կազմված է միանման հատվածներից: Յուրաքանչյուր հատված կրում է 1–2 զույգ միանման վերջավորություններ (մինչև 170 և ավելի, այստեղից՝ անվանումը): Գլխի վրա կան պարզ աչքեր, 1 զույգ բեղիկներ (անտենաներ), 1 զույգ վերին ծնոտներ (մանդիբուլ) և 2 զույգ ստորին ծնոտներ (մաքսիլ): Շնչառության օրգաններ են ծառայում տրաքեաները: Բաժանասեռ են. բազմանում են սեռական ճանապարհով: Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ: Բնակվում են փռոցաշերտերում կամ հողում, մեծամասնությունը թաքնված կյանք է վարում: Շրթնոտանիների բոլոր ներկայացուցիչները գիշերային ակտիվ գիշատիչներ են, իսկ ցերեկը պատսպարվում են թաքստոցներում: Վերջավորությունների առաջին զույգը (ծնոտոտքեր) ունի թունավոր գեղձեր, որոնց ծորանները բացվում են մագիլների ծայրերին: Խոշոր (մինչև 10 սմ) տեսակների (օրինակ՝ քառասունոտնուկի) խայթոցը ցավոտ է մարդկանց համար: Երկարաոտ ճանճորսներն ակտիվ են մթնշաղին. որսում են ճանճեր և այլ միջատներ: Վտանգի դեպքում երկզույգոտանիները կծիկ են դառնում, և շատերը թշնամուն վախեցնում են թունավոր գեղձերի տհաճ հոտ արձակող արտազատուկով, որի մեջ կա մահացու կապտաթթու: Բազմոտանիների որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են:
|