Գերմանացի նորարար կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի արվեստը համաշխարհային դասական երաժշտության գագաթներից է:
Լյուդվիգ վան Բեթհովենի պապը նվագել է ջութակ, եղել երգիչ և երգչախմբի ղեկավար, հայրը նույնպես երգել է, եղել որդու երաժշտության առաջին ուսուցիչը: Բեթհովենը վաղ տարիքից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ, ֆլեյտա: 1778 թ-ին Քյոլնում առաջին անգամ հանդես է եկել համերգով: 1781 թ-ից աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, 12 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը: 1787 թ-ին Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ` Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789 թ-ին փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792 թ-ից մշտապես բնակվել է Վիեննայում. նա հռչակվել է որպես դաշնակահար, ապա՝ կոմպոզիտոր: 27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որ սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր՝ հարազատ մնալով «պայքարի միջոցով դեպի հաղթանակ» իր նշանաբանին: Ոգեշնչվելով ֆրանսիական հեղափոխության գաղափարներով՝ նա գրել է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան», որը նախապես նվիրել էր Նապոլեոնին: Սակայն լսելով վերջինիս կայսր հռչակվելու լուրը՝ պատռել է ընծայագիրը և սիմֆոնիան անվանել «Հերոսական»: 1802–12 թթ-ին` ստեղծագործության ծաղկման շրջանում, Բեթհովենը գրել է Երկրորդից Ութերորդ սիմֆոնիաները, դաշնամուրի 4-րդ և 5-րդ կոնցերտները, ջութակի կոնցերտը, 5 կվարտետ, «Կրեյցերյան սոնատը», «Ավրորա», «Ապասիոնատ» դաշնամուրային սոնատները, «Ֆիդելիո» օպերան և սիմֆոնիկ նախերգանքներ: 1813–17թթ-ին՝ ստեղծագործական նոր վերելքի շրջանում, Բեթհովենը գրել է իր գլուխգործոցը՝ «Իններորդ սիմֆոնիան»՝ առաջին անգամ այդ ժանրում օգտագործելով խմբերգը որպես վերջամաս. այն ավարտվում է «Բերկրանք» հիմնով: Սիմֆոնիան ամբողջացնում է ազատության և երջանկության համար մղվող պայքարի հերոսականությունը: Առավել ճանաչված են նրա «Պաթետիկական սոնատը» ու «Լուսնի սոնատը»՝ լեցուն բուռն զգացմունքներով և պոռթկումներով: Բեթհովենի կամերային ստեղծագործությունները (դաշնամուրի 32 սոնատ, 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16 լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո) աչքի են ընկնում գեղարվեստական մտահղացումների բազմազանությամբ: Նա ստեղծել է նաև գործիքային բազմաթիվ մանրանվագներ, երգեր և մշակել տարբեր ազգերի ժողովրդական երգեր: Վիեննայում նրա թաղումը վերածվել է մեծ ցույցի, որին մասնակցել է շուրջ 20 հզ. մարդ: Բոննում գործում է նրա տուն-թանգարանը: Հայ մտավորականությունը Բեթհովենի գործերին ծանոթացել է 1840-ական թվականներից: 1888 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Վասիլ Կորգանովի (Ղորղանյան)` կոմպոզիտորի կյանքին և տեղծագործություններին նվիրված գրքույկը: 1911–12 թթ-ին Ռուսաստանում Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ կատարել են Բեթհովենի 9 սիմֆոնիաները, իսկ 1927 թ-ին Հայաստանում առաջին անգամ հնչել է նրա Երրորդ սիմֆոնիան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ:
|