c հետազոտում է հիվանդին և որոշում, թե ինչպես կարելի է կանխել ու բուժել հիվանդությունները: Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ 2 կամ 3 տարի ուսումնասիրում են ընդհանուր բժշկագիտություն, այնուհետև գիտելիքները խորացնում են ևս 3 տարի, ապա ևս 2-3 տարի մասնագիտանում են որևէ նեղ բնագավառում՝ արդեն կլինիկական օրդինատուրայում: Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն): Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում): Քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի հետ, ուստի, խոր գիտելիքներից բացի, նրանից պահանջվում են նաև բազմաթիվ հատկանիշներ, և մշակված են բժշկի վարվելակերպի հատուկ կանոններ: Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի: Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար: Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին: Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ: ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր:
|