Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ: Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ. Հուկը նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Նա դրանք անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլիացի բուսաբան Թ. Բրոունը (1831 թ-ին) խոլորձի բջիջներում նկատեց գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: Գերմանացի գիտնականներ Մ. Շլայդենը և Թ. Շվանը (1838–39 թթ-ին) հաստատեցին, որ բջիջները բուսական և կենդանական օրգանիզմների հիմնական տարրերն են:
Բջջի բացահայտման պատմությունից Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոմետրից (բակտերիաներ) մինչև 10–50 միկրոմետր և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկ- և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ (օրինակ՝ տեղեկակիր ռիբոնուկլեինաթթուները), որոնք գենետիկական տեղեկություն են հաղորդում (փոխանցում) բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին: Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ: Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից: Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմատեսակ բջիջներից (օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 բջիջներից), որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում: Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Մկանային բջիջներից գոյանում են մկանները, որոնցով պայմանավորված է շարժվելու ունակությունը, արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը, մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար, նյարդային բջիջներն ընկալում են ցավը, տաքը, ցուրտը և գրգիռը փոխանցում օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի նյարդային բջիջներին և այլն: «Բջիջ» հասկացությունը ներմուծել է անգլիացի գիտնական Ռ. Հուկը 1665 թ-ին:
|