Սիմոն Բոլիվարը լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ է, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի (1810–26 թթ.) ղեկավարներից: 1825 թ-ին Վերին Պերուում ստեղծված հանրապետությունը, ի պատիվ Բոլիվարի, կոչվել է Բոլիվիա:
Սիմոն Բոլիվարը երկար ժամանակ ճանապարհորդել է Եվրոպայում, դարձել նշանավոր լուսավորականներ Ֆրանսուա Վոլտերի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարների հետևորդը: 1810 թ-ից մասնակցել է Վենեսուելայի և Նոր Գրանադայի (ներկայիս Կոլումբիայի, Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները) ազատագրական շարժումներին, ստացել գեներալի կոչում: 1813 թ-ին` Վենեսուելական 2-րդ հանրապետության ստեղծումից հետո, Ազգային կոնգրեսը նրան շնորհել է Ազատարարի պատվավոր կոչում: Նրա ժողովրդականությանը մեծապես նպաստել են ստրկության վերացումը (1816 թ.) և հողի հատկացումը ազատագրական բանակի զինվորներին (1817 թ.): 1819 թ-ին Բոլիվարի բանակը հերոսաբար անցել է Անդերի ձյունապատ լեռներով և ազատագրել Նոր Գրանադան: Վերջինս միացել է Վենեսուելային և կոչվել Մեծ Կոլումբիա: 1819 թ-ին Ազգային կոնգրեսը Բոլիվարին նշանակել է այդ միացյալ հանրապետության նախագահ: 1819–22 թթ-ին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է հանրապետության տարածքները (այժմյան Վենեսուելան, Կոլումբիան, Էկվադորը), իսկ 1824 թ-ին՝ Պերուն: 1826 թ-ի հունվարին Պերուում հանձնվել է իսպանական վերջին կայազորը: Փորձելով միավորել լատինամերիկյան երիտասարդ պետությունները՝ Բոլիվարը 1826 թ-ին Պանամայում հրավիրել է մայրցամաքային կոնգրես, որը, սակայն, ձախողվել է: Անջատողական ուժերին հաջողվել է տապալել Բոլիվարի իշխանությունը Պերուում (1827 թ.) և Բոլիվիայում (1828 թ.): Բոլիվարը չկարողացավ կանխել Մեծ Կոլումբիա հանրապետության տրոհումը (1829–30 թթ.): Լատինական Ամերիկայում նրան մեծարում են որպես Ազգային հերոսի:
|