Նկարիչ Սանդրո Բոտիչելլին ֆլորենտական դպրոցի Վաղ Վերածննդի նշանավոր ներկայացուցիչներից է. նրա արվեստը մեծապես նպաստել է այդ դպրոցի գեղանկարչության զարգացմանը: Բոտիչելլին հետևել է XV դարի իտալական արվեստի լավագույն ավանդույթներին:
Սանդրո Բոտիչելլին (իսկական անուն-ազգանունը` Ալեսանդրո դի Մարիանո Ֆիլիպեպի) աշակերտել է իտալացի նկարիչ Ֆիլիպպո Լիպպիին: Նրա վաղ շրջանի գործերին հատուկ են տարածության պարզորոշ կառուցվածքը, լուսաստվերային հստակ կերպավորումը, ժանրային մանրամասների ընդգծումը («Մոգերի երկրպագությունը», մոտ 1470 թ., «Սուրբ Սեբաստիանոս», 1474 թ., և այլն): 1470-ական թվականների վերջին Բոտիչելլին սերտ հարաբերություններ է հաստատել Մեդիչի ընտանիքի և նրա շուրջ խմբված հումանիստների հետ: Այդ շրջանի գործերին բնորոշ են յուրահատուկ գունագեղությունը, նրբագեղությունը, քնարականությունը, թախծի և տագնապի տրամադրությունները: Բոտիչելլին անտիկ և այլաբանական թեմաներով ստեղծել է իր առավել նշանավոր «Գարուն» (1477–78 թթ.), «Վեներայի ծնունդը» (մոտ 1483–84 թթ.) նկարները: «Գարուն» նկարի կերպարներին բնորոշ է բանաստեղծականությունը: «Վեներայի ծնունդը» կտավում գեղեցկության աստվածուհու կերպարն իր զգացմունքայնությամբ հիշեցնում է հուզված, ամոթխած աղջնակի, իսկ թափանցիկ, նուրբ գույները յուրահատուկ մեղմություն են հաղորդում նկարին: Քնարականությունը բնորոշ է նաև նրա բազմաթիվ տիրամայրերին. լավագույններից են «Մադոննա դել Մանյիֆիկատ» (մոտ 1482–83 թթ.) և «Մադոննան նռով» (1487 թ.) ստեղծագործությունները: 1481–82 թթ-ին Բոտիչելլին որմնանկարներ է ստեղծել Վատիկանի Սիքստինյան կապելլայում («Տեսարաններ Մովսեսի կյանքից» և այլն): Նկարչի ստեղծած դիմանկարներն առանձնանում են արտահայտիչ գծերով և բնորդի ներաշխարհի նուրբ բացահայտումով (Ջուլիանո Մեդիչիի դիմանկարը, 1470-ական թվականներ): 1490-ական թվականներին Բոտիչելլիի արվեստում ի հայտ են եկել բարոյախոսական երանգներ, դրամատիզմ ու կրոնական հուզականություն («Զրպարտություն», մոտ 1495 թ.): Պահպանվել են նաև Ալիգիերի Դանտեի «Աստվածային կատակերգության» համար արված 90-ից ավելի գծանկարներ (1492–97 թթ.):
|