Ուրախ, երկարաքիթ փայտե մարդուկը` Բուրատինոն, ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին» հեքիաթի հերոսն է:
Ալեքսեյ Տոլստոյը ռուսերեն վերապատմել է իտալացի հեքիաթասաց Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը, որտեղ Պինոքիոյին դարձրել է Բուրատինո և նրան օժտել բնավորության այլ գծերով: Կառլո հայրիկը Բուրատինոյին պատրաստել է սովորական փայտի կտորից, որի վրա նախ փորել է մազերը, ճակատը, աչքերը, բերանը, իսկ ամենավերջում՝ քիթը: Հանկարծ այդ սովորական քիթն սկսել է ձգվել, աճել և այնքան է երկարել ու սրվել, որ Կառլոն զարմացել է ու որոշել քիթը փոքրացնել: Բայց ինչքան քերել ու կտրել է քիթը, այնքան այն երկարել է: Այդպես էլ Բուրատինոյի քիթը մնաց երկար, հետաքրքրասեր ու սուր: Կառլոն նոր էր պատրաստել մարդուկին, որը, դեռևս անավարտ, սկսել է դրսևորել իր չարաճճի ու անհանգիստ բնավորությունը: Բուրատինոն այնքան անկարգ ու կամակոր էր, որ Կառլո հայրիկը շատ էր վախենում ու անհանգստանում նրա համար: Բուրատինոն այնպիսի արկածների մեջ է ընկնում, որոնց մասին իտալական հեքիաթում չկա: Նա ձեռք է բերում հավատարիմ ու լավ ընկերներ, ովքեր դժվար պահերին միշտ նրա կողքին են: Բուրատինոն օժտված է լավագույն հատկանիշներով` խիզախությամբ, ընկերասիրությամբ, անձնազոհությամբ և հավատարմությամբ: Ինչպես գրեթե բոլոր հեքիաթներում, այստեղ էլ հաղթանակում են բարին ու ազնիվը, իսկ չար ու դաժան Կարաբաս Բարաբասը, որ տանջում ու շահագործում էր տիկնիկներին, պատժվում է: «Ոսկե բանալին» 1950 թ-ին հրատարակվել է «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» վերնագրով, որից հետո կինոնկարներն ու ներկայացումներն առավել տարածում են ստացել «Բուրատինոյի արկածները» անվամբ: Հեքիաթը բեմադրվել է նաև Երևանի տիկնիկային թատրոնում: Ալեքսեյ Տոլստոյը հայտնի է ռեալիստական պատմվածքներով և վիպակներով, որոնցում պատկերել է ռուս ազնվականության քայքայումն ու բարոյական այլասերումը («Տարօրինակ մարդիկ», 1911 թ., «Կաղ կալվածատեր», 1912 թ., «Թռչնակը», 1916 թ., «Սատանան», 1916 թ., «Խավարամոլները», 1917 թ.): 1917 թ-ին նա տարագրվել է Ֆրանսիա. հայրենիք է վերադարձել 1923 թ-ին: Այդ տարիներին գրել է «Աելիտա» (1922–23 թթ.) և «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1924 թ.) վեպերը, որոնցով ռուս գրականության մեջ հիմք է դրվել արկածային-գիտաֆանտաստիկ ժանրին: «Տառապանքի ուղիներով» (1943 թ.) եռերգության մեջ չարչարանքների ու դժվարությունների միջով անցած մարդկանց կյանքի պատմությունն է: Տոլստոյի ստեղծագործության մեջ ուշագրավ է «Պետրոս Առաջին» (1929–45 թթ.) վեպը, որտեղ պատկերված է ռուս ժողովրդի ճակատագիրը՝ շրջադարձային մի ժամանակահատվածում: Տոլստոյը գրել է նաև «Նիկիտայի մանկությունը» (1922 թ.) վիպակը, «Նևզորովի արկածները կամ Իբիկուս» (1924 թ.) երգիծական վեպը, «Իվան Ահեղ» (1942–43 թթ.) դրամատիկական երկը և այլն:
|