Մարտարվեստը, կռփամարտը (որից առաջացել է ժամանակակից բռնցքամարտը) և ըմբշամարտը աշխարհի հնագույն մարզաձևերից են: Կռփամարտը գոյություն է ունեցել դեռևս Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաստանում (օլիմպիական խաղեր), նաև Հայաստանում (Նավասարդյան խաղեր): Չինաստանում, Ճապոնիայում և Արևելքի այլ երկրներում զարգացել են արևելյան մենապայքարի առանձին մարզաձևեր:
Բռնցքամարտ Բռնցքամարտը հատուկ կանոններով ընթացող բռունցքներով մենամարտ է երկու մրցակիցների միջև: Բռնցքամարտիկները մենամարտում են հատուկ փափուկ ձեռնոցներով: Մրցակիցները պետք է ունենան նույն քաշը: Մարտն անցկացվում է ռինգում՝ ձգված պարաններով շրջափակված քառակուսի հարթակում, և ընթանում է 3 րոպե տևողությամբ մի քանի ռաունդով՝ մարտահերթով: Յուրաքանչյուր ռաունդից հետո մարզիկները հեռանում են իրենց անկյունները՝ 1-րոպեանոց ընդմիջման: Սիրողական բռնցքամարտում մարտն ընթանում է 3 ռաունդով, պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ 10–12 ռաունդով: Բռնցքամարտիկը հավաքում է միավորներ՝ հարվածներ հասցնելով և պատասխան հարվածներից խուսափելով: Հաղթում է մարտի ավարտին ավելի շատ միավորներ հավաքած մարզիկը: Մարտը կարելի է շահել ժամկետից շուտ՝ նոկաուտով, այսինքն` երբ հակառակորդի հարվածից գետին տապալված բռնցքամարտիկը չի կարողանում 10 վայրկյանի ընթացքում ոտքի կանգնել, կամ երբ մրցավարը կանգնեցնում է մրցամարտը՝ բռնցքամարտիկներից մեկի վնասվածք ստանալու, մարտը շարունակելու անկարողության և բացահայտ առավելության պատճառով: Չնայած ժամանակակից բռնցքամարտում մրցամարտերը կարգավորված են խիստ կանոններով, այնուամենայնիվ, մարզիկները գլխին հասցված հարվածներից հաճախ ծանր վնասվածքներ են ստանում: Հայտնի են դեպքեր, երբ բռնցքամարտիկները ռինգում ստացած ծանր վնասվածքներից նույնիսկ մահացել են: Այդ պատճառով կարծիք կա, որ բռնցքամարտը դաժան մարզաձև է, և այն հարկավոր է արգելել: Հռչակավոր բռնցքամարտիկներ էին Ս. Լիստոնը, Մ. Ալին, Է. Հոլիֆիլդը, Ա. Շոցիկասը, Վ. Պոպենչենկոն: Բռնցքամարտի հայկական դպրոցը ճանաչվածներից մեկն է միջազգային ասպարեզում: Հայ բռնցքամարտիկներ Լ. Թեմուրյանը, Է. Արիստակեսյանը, Վ. Ենգիբարյանը, Դ. Թորոսյանը, Ս. Խաչատրյանը, Ի. Հակոբկոխյանը և ուրիշներ դարձել են սիրողական բռնցքամարտի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, իսկ Արթուր Աբրահամը և Վախթանգ (Վիկ) Դարչինյանը նվաճել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսները:
Ըմբշամարտ Ըմբշամարտը մարզաձև է, որի ընթացքում երկու մրցակիցներ մենամարտում են միմյանց հետ՝ ջանալով հակառակորդին տապալել մեջքի վրա: Ըմբշամարտը հայտնի է վաղուց. այն ընդգրկվել է Հին Հունաստանի օլիմպիական խաղերի և հին հայկական Նավասարդյան խաղերի ծրագրերում: Ժամանակակից ըմբշամարտի տեսակներից յուրաքանչյուրն անցկացվում է որոշակի կանոններով: Հունա-հռոմեական ըմբշամարտում արգելված են գոտկատեղից ներքև բռնվածքները, ինչպես նաև ոտքերով պահվածքները: Ազատ ոճի ըմբշամարտում այդպիսի սահմանափակումներ չկան: Ըմբշամարտի և՜ մեկ, և՜ մյուս ձևերում մրցումներն անցկացվում են ըստ քաշային կարգերի: Որոշակի նետումներն ու հնարքները մարզիկին բերում են տեխնիկական միավորներ, սակայն գոտեմարտն ավարտվում է ժամկետից շուտ, եթե մրցակիցներից մեկը հակառակորդի երկու թիակները հպում է գորգին և այդ դիրքում պահում մեկ վայրկյան: Հայ հայտնի ըմբիշներից են Յու. Շահմուրադովը, Ն. Մուշեղյանը, Բ. Փաշայանը, Գ. Թութխալյանը, Գ. Մեժլումյանը և ուրիշներ: Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներն ունեն ըմբշամարտի ազգային ձևեր: Հայկական ազգային ըմբշամարտը՝ կոխը, հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Մարզիկները մրցությանը մասնակցում են մարզաչուխաներով: Նախքան գոտեմարտի սկիզբը, ազգային երաժշտության ներքո, մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսվում է մրցամարտը: Անցյալում կոխը ազգային տոնախմբությունների, հարսանիքների, ուխտագնացությունների, տարեմուտի տոնահանդեսների անբաժան մասն էր:
Մարտարվեստներ Մարտարվեստներն առաջացել են Արևելքում: Հնում այդ արվեստներն ուսուցանում էին խիստ գաղտնի պայմաններում: Ամենասկզբում արևելյան մենապայքարի բոլոր ձևերը նպատակաուղղված էին անձի ինքնապաշտպանությանը՝ առանց զենքի, և կապված էին կրոնական աշխարհայացքի ու որոշակի ապրելակերպի հետ: Ձյու-դոն (ճապոներեն՝ «փափուկ ուղի») ճապոնական ջիու ջիցու ըմբշամարտի ձևափոխված տարատեսակն է: Ձյու-դոն ինքնապաշտպանության ճապոնական համակարգ է, որում մարդը պաշտպանվելու համար օգտագործում է հակառակորդի ուժը: Ձյու-դոյի հիմնական հնարքների թվին են պատկանում ազդրի, ոտքի կամ ուսի վրայով կատարվող նետումները, սակայն մարզիկները հաճախ պայքարում են նաև գետնին՝ տատամի կոչվող մրցագորգի վրա: Կարատեն (ճապոներեն՝ «մերկ ձեռք») հիմնված է հակառակորդի մարմնի ամենազգայուն մասերին ձեռքով կամ ոտքով հասցվող հարվածների վրա: Առաջացել է Հին Հնդկաստանի փիլիսոփայական-կրոնական ուսմունքի՝ յոգայի, և միջնադարյան Չինաստանի բուդդայական վանականների ինքնապաշտպանության հնարքների հիման վրա: Կարատեի մարզական մրցումները ներառում են երկու հակառակորդների մրցապայքարը և հնարքների միայնակ ցուցադրումը՝ առանց հակառակորդի: Կարատեի մրցապայքարը սահմանափակվում է խիստ կանոններով, որպեսզի մարզիկները պատահաբար միմյանց չխեղեն: Թե ձյու-դոյի և թե կարատեի մարզիկները մրցում են բոկոտն, սպիտակ, լայն կիմոնո կոչվող մարզահագուստով, որի վրա կապված գոտու գույնը ցույց է տալիս մարզիկի վարպետության աստիճանը: Թհեքվանդոն (հարվածային հնարքներ՝ ձեռքերով և, հիմնականում, ոտքերով) առանց զենքի ինքնապաշտպանության կորեական համակարգ է, որը շատ նման է կարատեին, սակայն այստեղ հարվածները հիմնականում հասցվում են դաստակով և ոտնաթաթով: Մարզիկները հագնում են կիմոնո, կրում բռնցքամարտիկի սաղավարտ և լանջապանակ:
|