Բրածո բույսերն ու կենդանիները անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների մնացորդներ են, որոնք պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում: Ժամանակի ընթացքում կենդանական ու բուսական աշխարհների փոփոխությունների հիման վրա Երկրի պատմությունը բաժանել են երկրաբանական ժամանակաշրջանների. դրանց մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշելու նստվածքային ապարների հարաբերական տարիքը, շաղկապելու տարբեր ժամանակներում երկրագնդի կլիմայի և երկրաբանական պայմանների կրած փոփոխությունները և, որ ամենակարևորն է, վերականգնելու մեր մոլորակի անցյալի և նրա զարգացման պատկերը: Երկրակեղևի հնագույն նստվածքներում հայտնաբերված բույսերը ջրիմուռներն են: Ցամաքային բույսերի առաջին մնացորդները հայտնաբերվել են շատ ավելի ուշ դարաշրջանի նստվածքներում. դրանք մոտավորապես 270 մլն տարեկան են: Ներկայիս ցամաքային բույսերի գրեթե բոլոր տեսակները ձևավորվել են շուրջ 70 մլն տարի առաջ, իսկ 1 մլն տարի առաջ առաջացել են բույսերի ժամանակակից տեսակները. մահացել են հին, երբեմնի լայնորեն տարածված ձևերը, և երկրագնդի վրա տեղի է ունեցել բուսածածկույթի վերաբաշխում, որը ժամանակակից տեսքը ստացել է սառցադաշտային դարաշրջանից հետո: Բրածո բույսերից առաջացած օգտակար հանածոները՝ տորֆը, ածուխները, այրվող թերթաքարերը և այլն, մարդն օգտագործում է տնտեսության և արդյունաբերության մեջ: ՀՀ տարածքի տարբեր շերտախմբերում կան բրածո բույսերի բազմաթիվ մնացորդներ: Դրանցից հնագույնները (տարիքը՝ շուրջ 185 մլն տարի) հայտնաբերվել են Արարատի մարզի Ջերմանիսի ածխի հանքավայրում, ամենաերիտասարդները՝ դիատոմային ջրիմուռների մնացորդները (տարիքը՝ մոտ 1 մլն տարի)` Սյունիքի մարզի Սիսիանի տարածքում: 500 մլն տարի առաջ կենդանական կյանք գոյություն է ունեցել միայն ծովերում և օվկիանոսներում: Դա հաստատվել է երկրակեղևի հնագույն շերտախմբերում ցածրակարգ բազմաթիվ կենդանիների՝ սպունգների և միաբջիջների բրածո մնացորդների հայտնաբերումով: Առաջին երկկենցաղներն ու միջատները ցամաքի վրա հայտնվել են մոտ 300 մլն տարի, իսկ սողունները՝ 200 մլն տարի առաջ: Հետագա 115 մլն տարիների ընթացքում տարածվել են կոկորդիլոսները, կրիաները, դինոզավրերը, ատամնավոր և երկարապոչ թռչուններն ու պարզագույն կաթնասունները: Կաթնասունների բուռն զարգացումն սկսվել է մեզանից 70 մլն տարի առաջ. դրանք էին տիտանոթերիաները, հսկա ռնգեղջյուրները, մաստոդոնտները, եռասմբակ ձիերը, թրատամ վագրերը, որոնցից մի քանիսը եղել են այժմյան կենդանիների նախնիները: Իսկ մարդը Երկրի վրա հայտնվել է շուրջ 1,5 մլն տարի առաջ: Կենդանական աշխարհի այս զարգացումը կապված է երկրագնդի վրա տեղի ունեցած բնակլիմայական պայմանների փոփոխության հետ: Սակայն բոլոր հնագույն կենդանիները չէ, որ ոչնչացել են այդ զարգացման ընթացքում. որոշ կենդանիներ, օրինակ՝ կրիաները և կոկորդիլոսները, հարմարվել են փոփոխվող պայմաններին: Մյուսները գոյատևել են, որովհետև նրանց բնակության վայրերում կլիման շատ չի փոխվել: Օրինակ՝ Ավստրալիայում պահպանվել են շատ հնագույն կենդանիներ՝ ագեվազը, պարկավոր արջը, բադակտուցը և եքիդնան: ՀՀ տարածքում կան մեծ քանակությամբ բրածո կենդանիների մնացորդներ: Դրանցից հնագույնները (տարիքը՝ շուրջ 300 մլն տարի) հայտնաբերվել են Արարատի մարզի Երասխ գյուղի շրջակայքում, Վայքի և Ուրծի լեռնաշղթաներում, Արգիճի գետի ավազանում ու Զանգեզուրում: Մամոնտների, ձիերի, ռնգեղջյուրների, բիզոնների և այլ կենդանիների բրածո մնացորդներ են հայտնաբերվել Շիրակի ու Արարատյան գոգավորություններում, Սևանի ավազանում: Մանր կաթնասունների՝ կրծողների, նապաստակակերպների և չղջիկների, երկկենցաղների, սողունների, թռչունների բրածոների հարուստ համալիր հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի շրջակայքում:
|