Շոտլանդիայի ժողովրդական բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսը դեռևս կենդանության օրոք նվաճել էր շոտլանդացիների սերն ու համակրանքը. նրա ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես համաժողովրդական տոն:
Ռոբերտ Բյոռնսը գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ: Գրել է 15 տարեկանից: Նրան շատ են ոգևորել շոտլանդական ժողովրդական երգերը: Բյոռնսը «Երկու հովիվ» և «Սուտ ճգնավոր Վիլլի աղոթքը» ձեռագիր տարածված երգիծական պոեմների շնորհիվ վաստակել է ազատախոհ բանաստեղծի համբավ: Նա ավելի մեծ ժողովրդականության է հասել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ ժողովածուով: Առաջին գրքի հաջողությունից հետո տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, և ձեռնամուխ եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքմանն ու հրատարակմանը: Բյոռնսը, օգտվելով ժողովրդական բանահյուսության և շոտլանդական հին գրականության ավանդույթներից, ստեղծել է ժամանակի ոգուն հարազատ ու ինքնատիպ պոեզիա, որին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը, ներքին դրամատիզմը և հումորը: 1791 թ-ին հրատարակել է «Շոտլանդական երաժըշտական թանգարան» և «Շոտլանդական երաժշտական ընտիր երկեր» ժողովածուները: Ուրախության և խնջույքի երգերում Բյոռնսը գովերգել է շոտլանդական բանահյուսության սիրելի հերոսին՝ Ջոնին: Այդ ժամանակաշրջանում է ստեղծել նաև բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք շոտլանդական գրականության գլուխգործներից են («Բրյուսը՝ շոտլանդացիներին», «Սերը՝ ինչպես վարդ, կարմիր վարդ», «Ազնիվ աղքատություն» և այլն): Բյոռնսը խանդավառությամբ է արձագանքել XVIII դարի վերջի Ֆրանսիական մեծ հեղափոխությանը, Անգլիայում և Շոտլանդիայում հեղափոխական շարժումների վերելքին («Ազատության ծառը»), ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության: Բանաստեղծը բարձր է գնահատել մարդկային արժանապատվությունը, պարզ ու մաքուր փոխհարաբերությունները, փառաբանել աշխատանքը, սերը, բարեկամությունը: Նա ստեղծագործել է հասարակ գյուղացուն հասկանալի լեզվով: Երջանկության և աղքատության թեման արտացոլված է Բյոռնսի բազմաթիվ բանաստեղծություններում («Ուրախ աղքատները», «Երկու շուն», «Ֆինդլեյ» և այլն): Նրա բանաստեղծությունների մեծ մասը վերածվել է երգի և մինչ օրս երգվում է Շոտլանդիայում: Բյոռնսի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում` հայերեն:
|