Բզեզները կամ կարծրաթևները կազմում են միջատների ամենամեծ կարգը (խումբը): Հայտնի է 400.000 տեսակ, որոնցից մոտ 5000-ը հանդիպում են նաև ՀՀ-ում: Հաճախ կարծում են, թե բզեզները միայն սև են: Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և, նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ: Կան մեծ՝ մինչև 15 սմ երկարությամբ բզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով: Բզեզների կարելի է հանդիպել ամենուր՝ օդում, ջրում, հողում, քարայրերում: Բզեզները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափերով ու գույնով, այլև ապրելակերպով ու վարքով: Մեծամասնությունը գիշատիչ է, մի մասը սնվում է բույսերով, որոշները՝ սնկերով: Բզեզների ընդհանուր հատկանիշներից է թևերի համանման կառուցվածքը: Վերնաթևերը կարծր են (այստեղից՝ կարծրաթևներ անվանումը), ծածկում են բզեզի ներքին թևերը և փափուկ փորիկը: Թռիչքի ժամանակ վերնաթևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևերին: Ներքևի թևերը նուրբ են, ջղավորված, թափանցիկ: Դրանք թռչելու համար են: Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևերով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել: Սովորաբար լավ են նկատվում բզեզների վերնաթևերը: Բզեզներն ունեն մի քանի հատվածից բաղկացած շոշափուկներ: Աչքերը շատ մեծ են, հազվադեպ՝ կույր: Բզեզները բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ կենդանածին են: Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ: Շատ տեսակներ խնամում են նորածին սերնդին: Բզեզների մեծ մասը վնասատու է. փչացնում են բնափայտը, մթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի բույսերը (ՀՀ-ում առավել տարածված է կարտոֆիլի կոլորադյան բզեզը): Միաժամանակ նրանք ճիճվային, սնկային, մանրէային,վիրուսային հիվանդությունների փոխանցողներ են: Սակայն կան բզեզների օգտակար տեսակներ, որոնք ոչնչացնում են վնասատու միջատներին, տզերին, կողինջներին (խխունջներ):
|