Դանիայի Թագավորություն Դանիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Զբաղեցնում է Յուտլանդիա թերակղզին, Դանիական կղզեխումբը և Բորնհոլմ կղզին: Դանիայի կազմի մեջ են մտնում նաև Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: Արևմուտքից ողողվում է Հյուսիսային, արևելքից՝ Բալթիկ ծովերի ջրերով, Սկագերակ նեղուցով անջատվում է Նորվեգիայից, Կատեգատով և Էրեսունով՝ Շվեդիայից: Դանիան գտնվում է Միջին Եվրոպական հարթավայրի հյուսիսում: Ափերը հարթ են, ցածրադիր: Կլիման բարեխառն ծովային է, ձմեռը՝ անկայուն, մեղմ, ամառը՝ զով: Հաճախակի են մառախուղները: Երկրի տարածքի 12 %-ն անտառածածկ է: Դանիայի հնագույն բնակիչները եղել են յուտերը, անգլերը, սաքսերը, իսկ V–VI դարերում Հարավային Շվեդիայից այստեղ են եկել դաները, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Դանիա: Երկրի ազգային կազմը միատարր է. 98 %-ից ավելին դանիացիներ են, բնակվում են նաև գերմանացիներ, շվեդներ և այլք: Դանիան Եվրոպայի բարձր զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկրներից է: Զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, սարքաշինությունը. քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության ճյուղերը, բժշկական, պատճենահանող սարքերի արտադրությունը: Տնտեսության կարևոր ճյուղ է նաև ձկնորսությունը: Զարգացած է գյուղատնտեսությունը, որի արտադրության ծավալում բացարձակ գերակշռում է անասնապահությունը: Դանիան աշխարհում կաթի, յուղի, պանրի, խոզի և թռչնամսի, ձվի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է: Երկրագործությանը նպաստում է մեղմ և խոնավ կլիման, որի շնորհիվ ստանում են ցորենի, աշորայի, կերային մշակաբույսերի բարձր բերք: Բնական պայմանների առանձնահատկությունները և պատմաճարտարապետական հուշարձանների առատությունը գրավում են աշխարհի բազմաթիվ զբոսաշրջիկների: Դանիան բազմաթիվ նշանավոր մարդկանց հայրենիքն է. բոլորին են հայտնի ֆիզիկոսներ Յո. Կեպլերի, Լ. Լորենցի, Ն. Բորի հայտնագործությունները: Համաշխարհային ճանաչում ունեն գրող-հեքիաթասաց Հ. Ք. Անդերսենի «Ջրահարսը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Վայրի կարապները» և բազմաթիվ այլ հեքիաթներ:
Հայերը Դանիայում Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից: Նրանք Լիբանանից, Իրանից, 1990-ական թվականների սկզբին Հայաստանից գաղթածներ են. հաստատվել են հիմնականում Օրհուս քաղաքում: Այնտեղ ներկայումս բնակվում է 3 հզ. հայ. հիմնականում արհեստավորներ և սպասարկման ոլորտի աշխատողներ են: Գործում է 1 կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և պատմություն: Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը:
|