Երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայկանուշ Դանիելյանը հայ դասական երգարվեստի վարպետներից է:
Հայկանուշ Դանիելյանը 1920 թ-ին ավարտել է Պետրոգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիան: 1920–32 թթ-ին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում, 1924 թ-ին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով: 1941–51 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1949–52 թթ-ին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը: 1932 թ-ից Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի էր. լավագույն դերերգերից են Ջիլդան, Վիոլետան (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ռոզինան (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Բատերֆլայը (Ջակոմո Պուչչինիի «Չիո Չիո-սան»), Անուշը (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Սոֆին (Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս»), Անտոնիդան (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին»), Մարգարիտ Վալուան (Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ»), Օլիմպիան (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), որոնք աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ: Նրա արտասովոր, գեղեցիկ ձայնը նույն մաքրությամբ է հնչել բոլոր ռեգիստրներում: Դանիելյանի համերգային ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների, ինչպես և Պ. Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի, Ալեքսանդր Գլազունովի երգերից ու ռոմանսներից: Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Ռոմանոս Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ: Հայկանուշ Դանիելյանի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:
|