Դեղանյութերը կենսաբանորեն ակտիվ, բնական, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Վաղ անցյալում ցավը մեղմելու համար մարդիկ օգտագործում էին բույսեր, չորացած միջատներ, սողուններ, կենդանիների առանձին օրգաններ: Այդ է վկայում մ.թ.ա. XVI դարի հին եգիպտական բժշկական մի տրակտատ, որը կոչվել է «Էբերսի պապիրուս» (այն 1875 թ-ին հրատարակել է գերմանացի եգիպտագետ Էբերսը): Ստամոքսի խանգարումների դեպքում հին եգիպտացիներն օգտագործում էին գերչակի յուղ: Երիցուկի թուրմով բուժում էին հազը: Կատվախոտի արմատներից, դաղձից ստանում էին նյարդերը հանգստացնող, իսկ հովտաշուշանի ծաղիկներից, կուժկոտրուկից, մատնոցուկից՝ սրտի աշխատանքը կարգավորող դեղեր: Սխտորը և ճնճղապաշարն իջեցնում էին արյան ճնշումը: Շատ դեղերի գոյության մասին մարդկանց «հայտնել» են կենդանիները: Հարավային Ամերիկայի ժողովուրդների առասպելներում պատմվում է, որ քարայծերը ծամում էին ինչ-որ ծառի տերևներ և դրանցից հետո կայտառանում էին, սկսում շատ բարձր թռչկոտել: Մարդիկ փորձեցին եփել այդ ծառի պտուղները և համոզվեցին, որ այդ ըմպելիքն օգտագործելուց անցնում է հոգնածությունը: Այսպես հայտնի դարձավ սրճենին, որի պտուղները պարունակում են կոֆեին նյութը: II դարում հին հռոմեացի բժիշկ Գալենը նախաձեռնել է բուսական և կենդանական ծագման դեղանյութերի դասակարգումը: «Գալենային պատրաստուկների» (այսպես է անվանել գերմանացի բժիշկ Պարացելսը) մեծ մասը մի քանի նյութերի խառնուրդ էր: Դրանցից մի քանիսը, հիմնականում բույսերի թուրմերը, լուծամզուկները և եփուկները, մտնում են ժամանակակից դեղանյութերի տեսականու մեջ: XVIII դարի վերջին սկսվեց դեղանյութերի ստացման և օգտագործման նոր շրջան: Քիմիայի զարգացումը հնարավորություն ընձեռեց պարզելու դեղանյութերի կազմը և իրականացնելու դրանց սինթեզը: Դեղանյութերի քիմիական կազմության, դեղաբանական ակտիվության և ազդեցության մեխանիզմի պարզաբանման շնորհիվ ստացվեցին բնական ալկալոիդներին, հորմոններին, վիտամիններին համանման նյութեր ու պատրաստուկներ: Դեղանյութերն իրենց ազդեցության բնույթով ստորաբաժանվում են ծայրամասային նյարդային համակարգի, սիրտանոթային համակարգի, շնչառական օրգանների ֆունկցիայի, մարսողության օրգանների ֆունկցիայի, երիկամների միզարտադրության ֆունկցիայի, արյան և արյունաստեղծման, հյուսվածքներում նյութափոխանակության, հյուսվածքներում ախտաբանական, հակամանրէային և հակամակաբուծական: Օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցությունը պայմանավորված է տարբեր գործոններով: Խիստ կարեվոր է դրանց չափաքանակը՝ միջին բուժիչ դեղաչափը: Երբեմն նշանակում են սահմանային թույլատրելի դեղաչափեր, իսկ դրանք գերազանցելու դեպքում դեղանյութերն ունենում են թունավոր ազդեցություն: Դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը փոխվում է նաև տարիքից կախված: Խիստ տարբեր են երեխաների և մեծերի համար սահմանված բուժիչ դեղաչափերը, իսկ որոշ դեղեր ընդհանրապես արգելված են մինչև 2 տարեկանը: Եթե դեղանյութի հանդեպ սրվում է օրգանիզմի զգայունությունը, ապա այն նշանակվում է թույլ դեղաչափերով: Յուրաքանչյուր դեղանյութ ունի ներգործման որոշակի տևողություն: Ուստի, դեղանյութերը չպետք է օգտագործել նշանակվածից հաճախ, որովհետև դրանց կուտակումից կարող է օրգանիզմը թունավորվել, իսկ նշանակվածից քիչ օգտագործելիս արդյունավետությունը նվազում է: Որոշ դեղանյութերի բազմակի օգտագործումից օրգանիզմում կարող է առաջանալ հակում կամ մոլություն: Կարևոր նշանակություն ունի դեղանյութի ընդունման ժամը, կարգը՝ ուտելուց առաջ, թե՞ հետո, որովհետև ստամոքսաղիքային համակարգում սննդի առկայությունը կարող է նպաստել մի պատրաստուկի ներծծմանը և խոչընդոտել մյուսինը:
|