Դեղձենին վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ է: Հայտնի է 5 տեսակ: Բոլոր տեսակները հիմնականում առաջացել են սովորական դեղձենուց: Դեղձենին Հայաստանում տարածված է եղել դեռևս վաղ անցյալում, հնարավոր է` Չինաստանից և Պարսկաստանից շատ ավելի վաղ: Կարմիր բլուրում և Արցախում հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա վաղեմության դեղձի կորիզներ: Դեղձենին 3–8 մ բարձրությամբ, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է: Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնաեզր: Ծաղիկները երկսեռ են, վարդագույն: Պտուղը հյութալի կորիզապտուղ է, գնդաձև, կլոր, երբեմն` ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն: Կորիզը խոշոր է, սերմը հիմնականում` դառը: Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ: Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում: Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակվող բոլոր սորտերը՝ նարնջի, զաֆրանի, լիմոնի, ճուղուրի և այլն, աշխարհում հայտնի լավագույն դեղձենիներն են, որոնց պտուղները հիմնականում թավոտ են: Դեղձենիները լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հոկտեմբերին): Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա և այլն): Սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող «դառը ջուրը» պարունակում է թունավոր ցիանաջրածին (0,1%): Դեղձենին խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարության նկատմամբ. երբ ուշ գարնանը ձյուն է տեղում, և ցրտում է, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է: Դեղձենին ապրում է 10–15 տարի: Բազմանում է սերմերով ու պատվաստի միջոցով:
|