Ֆրանսիական հնագույն ազնվական տոհմից սերող Ռընե Դեկարտը (լատինականացված անունը՝ Կարտեզիուս), ավարտելով Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ դարձել է զինվորական, ապա նաև ճանապարհորդել է: 1629 թ-ից Դեկարտը հաստատվել է Հոլանդիայում, 1649 թ-ին տեղափոխվել Ստոկհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի: Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ: 3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև: Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքները, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը: Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին: Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն:
|