Գաբոնի Հանրապետություն Գաբոնը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները: Արևմուտքում, Ատլանտյան ափի երկայնքով, ձգվում է դաշտավայրային գոտին: Կան նավթի, գազի, ուրանի, ոսկու, մանգանի պաշարներ: Երկրի գրեթե կենտրոնով անցնում է հասարակածը. կլիման տաք է ու խոնավ: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում խոնավ մշտադալար անտառները, որոնց հարավում և հարավ-արևմուտքում փոխարինում են սավաննաները: Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Ամենախոշոր գետը Օգովեն է, որի ջրհավաք ավազանը զբաղեցնում է երկրի տարածքի մեծ մասը: Երկիրն այսպես են կոչել պորտուգալացի ծովագնացները (թարգմանաբար նշանակում է «նավաստու թիկնոց»): 1485 թ-ին նրանք այդպես են անվանել այժմյան Գաբոնի խորշը և այնտեղից խիտ մացառուտների միջով դեպի մայրցամաքի խորքը ձգվող գետը: Հետագայում այդ անվանումը տարածվեց Օգովեի ավազանում ընկած ամբողջ տարածքի վրա, որին XIX դարի 2-րդ կեսին տիրացան ֆրանսիացի գաղութարարները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին: Գաբոնում բնակվում են բանտու լեզվաընտանիքի ավելի քան 40 էթնիկ խմբեր. ֆանգեր (40 %), մալոնգվեներ, բակելեներ, բակոտաներ և այլք: Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունահանող և անտառային արդյունաբերությունն է: Կան նավաշինական, նավթավերամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կակաոն, սուրճը, գետնանուշը, եգիպտացորենը, ադամաթուզը և այլն: Անասնապահության զարգացմանը զգալիորեն խոչընդոտում է ցեցե ճանճը: Զարգացած է փղոսկրե իրերի, փայտե արձանիկների դիմաքանդակների պատրաստումը:
|