ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Երևանում 1921 թ-ին՝ Հայաստանի Առաջին պետթատրոն անվամբ. բացվել է 1922 թ-ին՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով, 1937 թ-ին կոչվել է Սունդուկյանի անվան:
Ազգային ակադեմիական թատրոնը 1922–28 թթ-ին գործել է Շահումյանի անվան բանվորական ակումբում, ապա՝ Կոմունարների (այժմ՝ Թատերական) այգու նորակառույց շենքում, որը վերակառուցվել է 1966 թ-ին: Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն էր: Դերասանախմբում էին Հասմիկը, Վահրամ Փափազյանը, Օլգա Գուլազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ, ովքեր իրենց արվեստով նախանշել են թատրոնի հետագա զարգացման ուղին: 1920-ական թվականներին թատրոնում բեմադրվել են Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» և այլ պիեսներ: 1930–53 թթ-ին թատրոնը, ընդհատումներով, ղեկավարել է Արմեն Գուլակյանը: 1941–45 թթ-ին թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել հայրենասիրական երկերը՝ Նաիրի Զարյանի «Վրեժ», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» և այլն: 1950-ական թվականներին բեմադրվել են Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Զարյանի «Փորձադաշտ», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ գործեր, որտեղ լիովին դրսևորվել են Վ. Փափազյանի, Հ. Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գ. Ջանիբեկյանի, Թաթիկ Սարյանի և ուրիշների տաղանդն ու վարպետությունը: Թատրոնի այդ փուլում բացահայտվել են նաև Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» պիեսի բեմադրության մասնակիցների` երիտասարդ դերասաններ Մետաքսյա Սիմոնյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Վլադիմիր Աբաջյանի, Շահում Ղազարյանի և ուրիշների ստեղծագործական հնարավորությունները: 1953–77 թթ-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աճեմյանը բարձրարվեստ բեմադրություններով մեծապես նպաստել է թատրոնի ստեղծագործական վերելքին: Այդ տարիների լավագույն բեմադրություններից են՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը» և այլն: 1977–79, 1985–88 թթ-ին թատրոնը գլխավորել է Հրաչյա Ղափլանյանը, ում աչքի ընկնող ներկայացումներից են՝ Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», Վ. Շեքսպիրի «Կորիոլան», Պերժ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» և այլն: 1979–84 և 1988–93 թթ-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Խ. Աբրահամյանի լավագույն բեմադրություններից են` Նաիրի Զարյանի «Հացավան», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» և այլն: 1994–2008 թթ-ին թատրոնը գլխավորել է Վահե Շահվերդյանը: Այս շրջանում բեմադրվել են Գ. Սունդուկյանի «Կտակը», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Գարսիա Լորկայի «Բեռնարդան և իր աղջիկները», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» և այլ գործեր: Տարբեր տարիների թատրոնում խաղացել են դերասաններ Դավիթ Մալյանը, Թաթուլ Դիլաքյանը, Բաբկեն Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Էդգար Էլբակյանը, Գարուշ Խաժակյանը, ստեղծագործել` ռեժիսորներ Տիգրան Շամիրխանյանը, Զավեն Տատինցյանը, Մարատ Մարինոսյանը, Նիկոլայ Ծատուրյանը և ուրիշներ: 1994 թ-ից թատրոնի ստեղծագործական կազմը համալրվել է նոր ուժերով: Անվանի դերասաններ Վարդուհի Վարդերեսյանի, Լորենց Առուշանյանի, Վլադիմիր Աբաջյանի, Ժենյա Ավետիսյանի, Գևորգ Չեփչյանի, Կարեն Ջանիբեկյանի և ուրիշների կողքին ուշագրավ դերակատարումներով աչքի են ընկել Տիգրան Ներսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Նելլի Խերանյանը, Արմեն Մարությանը, Հարություն Մովսիսյանը և ուրիշներ: Թատրոնը հյուրախաղերով շրջագայել է Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում և այլուր:
|