Գալենը 158–164 թթ-ին Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164 թ-ին Հռոմ տեղափոխվելուց հետո` Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը: Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական): Գալենը անատոմիան և ֆիզիոլոգիան ուսումնասիրել է կենդանիների վրա կատարած փորձերի միջոցով: Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զույգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները: Նա գտնում էր, որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից: Գալենը բժշկության մեջ առաջինն է ներդրել փորձարարական կենդանահատումները: Գալենը ձգտել է բացատրել նաև մարդու հոգեկան գործունեությունը. ըստ նրա՝ հոգեկան կյանքի կրողը պնևման է՝ օդի նման յուրօրինակ եթերային գոյացությունը: Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ. ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր: Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից: Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել:
|