Գանայի Հանրապետություն Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է (150– 300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ): Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը: Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ: Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով: Գետային ցանցը հարուստ է: Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան: Միակ լիճը Բոսումտվին է: Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին: XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով: XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով: 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ: 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա: Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք): Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են: Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում: Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն: Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը:
|