Մոհանդաս Գանդին հակաբրիտանական պայքարում Հնդկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ է, գաղափարական առաջնորդն ու ղեկավարներից մեկը: Հասարակական-քաղաքական, կրոնափիլիսոփայական հայտնի ուսմունքի՝ գանդիզմի հիմնադիրն է: Ժողովուրդը նրան մեծարել է Մահաթմա Գանդի պատվանունով:
Մոհանդաս Գանդին իրավաբանական կրթություն է ստացել Անգլիայում, 1891–93 թթ-ին փաստաբանություն է արել Բոմբեյում և Ռաջկոտում: 1893– 1914 թթ-ին ծառայել է Հարավային Աֆրիկայում՝ որպես առևտրական ֆիրմայի իրավախորհրդատու, գլխավորել հնդիկ գաղթականների պայքարը ռասայական խտրականության դեմ: 1915 թ-ին վերադարձել է հայրենիք և Առաջին աշխարհամարտից (1914–18 թթ.) հետո ղեկավարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը: Գանդիի մեծագույն ծառայությունը ժողովրդական զանգվածների ներգրավումն է անգլիացիների դեմ պայքարում: Նա մշակել է անկախության (սաթյագրահաի)՝ ոչ բռնի դիմադրության և քաղաքացիական անհնազանդության սկզբունքը, որը մերժում է զինված պայքարը և ընդունում է միայն խաղաղ ցույցեր, գործադուլներ, հացադուլներ և այլն: Գանդին պայքարել է «բաժանի՜ր, որ տիրես» անգլիական քաղաքականության, հնդկա-մահմեդական գժտություների հրահրման, կաստաների պահպանման դեմ: Քանիցս բանտարկվել է անգլիական իշխանությունների կողմից (1922–24, 1930–31, 1942–44 թթ.): 1942 թ-ին Գանդին հռչակել է բրիտանական գաղութարարներին ուղղված «Դու՜րս Հնդկաստանից» կարգախոսը: Հնդկաստանի անկախություն նվաճելուց (1947 թ.) և ըստ կրոնական հատկանիշի 2 պետությունների (Հնդկաստան ու Պակիստան) բաժանվելուց հետո հանդես է եկել հնդիկների և մահմեդականների արյունահեղ ընդհարումների դեմ: Սպանվել է հինդուիստական Հինդու Մահասաբհա կազմակերպության կողմից:
|