Четверг, 18.12.2025, 23:02Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գառնի
15:00
Գառնի
Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 
XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը:
Գառնիի ամրոցի համալիրում գերիշխողը տաճարն է, որը տեղադրված է ամրոցի դարպասով անցնող առանցքի երկայնքով: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր (մինչև 1,5 մ երկարության) քարերով` առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով: Հարդարանքն աչքի է ընկնում գեղարվեստական կատարման մեծ վարպետությամբ: Սյուների խոյակները զարդարված են բարձրաքանդակ ձվարդներով (ձվաձև զարդամոտիվ) և գալարազարդերով, քիվը՝ առյուծի գլուխներով ու արմավենիկներով: Տաճարը ճարտարապետական մի շարք գծերով էապես տարբերվում է արևմտյան փոքրասիական և սիրիական համանման հուշարձաններից. կարևոր առանձնահատկություններից են չկրկնվող զարդամոտիվների հարստությունն ու բազմազանությունը, որը հետագայում բնորոշ է դարձել հայկական ճարտարապետությանը: Հայ արվեստին հատուկ բուսական զարդանախշերը (խաղող, ընկուզենու տերևներ) և նրանց պլաստիկ հարդարանքը, բազալտե քանդակների տեխնիկան վկայում են, որ տաճարի կառուցմանը մասնակցել են տեղացի վարպետներ: Ամրոցի պալատական շենքերն ու բաղնիքը կառուցված են հարավային հրապարակի շուրջը:
Տաճարից արևմուտք՝ կիրճի եզրին, պալատի հանդիսավոր սրահն է: Պեղումներով բացված նկուղային հարկը հատակագծում ուղղանկյուն (9,6 x 19,92 մ) շինություն է՝ միջհարկային փայտե ծածկով, 8 քառակուսի մույթերով: 
Պալատական համալիրի բաղնիքը (III դար) հյուսիսից եզրափակում է հրապարակը և ուղիղ անկյուն կազմում պալատի՝ գլաքարից և կիսամշակ բազալտից, կրաշաղախով կառուցված բնակելի մասնաշենքերի հետ: 
1909–11 թթ-ին հնագետ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներով բացվել են Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները: 1949 թ-ից ազգագրագետ, պատմաբան Բաբկեն Առաքելյանի գլխավորած արշավախմբի պեղումներով պարզվել է, որ այն վաղբրոնզեդարյան բնակավայր է, որի քառանկյուն հատակագծով կացարաններից հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) գործիքներ, ոսկրե բզեր, սև փայլով զարդարուն խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղապար, բրոնզե մանգաղ և այլն: Պեղվել են միջին և ուշ բրոնզի դարերի (մ. թ. ա. II հազարամյակ) դամբարաններ, մ. թ. ա. IX–IV դարերի խեցեղեն և այլ իրեր: Բացվել են հին հայկական բնակելի շենքերի հիմնապատեր, մառաններ՝ գինու հորերով, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, զենքեր, ապակե անոթներ, հասարակ և ջնարակած խեցեղեն, սասանյան, բյուզանդական, վրացական, մոնղոլական և եվրոպական երկրների հետագա շրջանի դրամներ: Գառնիի տաճարն ամբողջությամբ վերականգնվել է 1969–74 թթ-ին` ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 340 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: