Գայանայի Հանրապետություն Գայանան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի կենտրոնում և հարավում Գվիանական սարահարթն է, որը դեպի հյուսիս և հյուսիս-արևելք աստիճանաբար վերածվում է դաշտավայրի: Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ: Կլիման մերձհասարակածային է՝ լավ արտահայտված խոնավ և չոր սեզոններով: Գետերը (Էսեքիբո, Դեմերարա, Բերբիս) ջրառատ են, սահանքավոր: Հարավում տարածված են մշտադալար անտառները: Գայանայի բնիկները հնդկացիներ են: Առաջին եվրոպացիները իսպանացի ծովագնացներն էին, որ հայտնվեցին XV դարի վերջին: XVI դարում հոլանդացի առևտրականները հիմնեցին բնակավայրեր: Երկրի գաղութացման համար պայքարում էին Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան: Ի վերջո, Մեծ Բրիտանիան տիրացավ այդ բնակավայրերին՝ կազմելով ԲրիտանականԳվիանա գաղութը, որն անկախություն է ձեռք բերել 1966 թ-ին և կոչվել Գայանա: Երկրի բնակչության 56%-ն ունի հնդկացիական, 36%-ը՝ աֆրիկյան ծագում: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունն են: Մշակում են շաքարեղեգ, բրինձ, սուրճ, կակաո, արքայախնձոր և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ ու ձկնորսությամբ:
|