Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:
Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում: Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են դպրանոց, գրադարան և գրչատուն: XIII դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր եկեղեցին և գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը: Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցել են Զաքարյանները 1215 թ-ին: Այն արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որի արևելյան և հարավային ճակատներն ակոսված են եռանկյունաձև հատվածքի զույգ խորշերով: Առանձնապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը: Արևմուտքից եկեղեցուն կից կենտրոնակազմ քառասյուն գավիթը կառուցվել է 1215–25 թթ-ին: Չորս սյուներն իրար կապող և դեպի հանդիպակաց պատերը ձգվող կամարները գավթի ներսի տարածությունը բաժանում են հատվածների. միջին հատվածի ծածկն ունի շթաքարային հարուստ և կատարյալ լուծում, մյուսների ծածկերը տարբեր են` հարթ, խաչաձև, կիսագլանաձև: Ներսում՝ արևելյան պատի տակ, Տիմոթ և Մխիթար վարպետների 1213 թ-ին կերտած խաչքարն է: Գեղարդի շինարարության կարևոր շրջանն սկսվել է XIII դարի կեսից, երբ Պռոշյան (Խաղբակյան) իշխանական տունը վանքը գնել է Զաքարյաններից և սկսել վիմափոր շենքերի կառուցումը: Գավթի և գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում են վիմափոր կառույցները` 2 եկեղեցի, գավիթը, վերևում՝ ժամատուն-դամբարանը: Գավթի հյուսիսարևմտյան կողմի առաջին եկեղեցին կառուցվել է 1230–50 թթ-ին, որի երդիկի հիմքին փորագրված է ճարտարապետի անունը` Գալձագ: 1283 թ-ին փորվել են երկրորդ եկեղեցին և գավիթը, որը հավանաբար եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը: Եկեղեցու և գավթի պատերը ծածկված են մարդկանց, թռչունների պատկերաքանդակներով, բուսական ու երկրաչափական տարաբնույթ հյուսվածքներով: Ժայռի վերին մասում 1288 թ-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ՝ Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը քառասյուն կենտրոնակազմ հորինվածք է: Վանքի շրջակայքում կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, ժայռերին ագուցված խաչքարեր: Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ-ի երկրաշարժերից: 1834 թ-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1932 թ-ին Թորոս Թորամանյանի արշավախմբի պեղումներով բացվել և ուսումնասիրվել է Պռոշ իշխանի օրոք կառուցված վիմափոր խոշոր դահլիճը (փլվել է 1967 թ-ին): Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958–87 թթ-ին: Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են:
|