երմանիայի Դաշնային Հանրապետություն Գերմանիան աշխարհի խոշոր տերություններից է, «Մեծ ութնյակի» երկրներից մեկը: Հնագույն ժամանակներից Գերմանիայի տարածքում ապրում էին գերմանական ցեղերը: IV դարում այստեղ բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, թյուրվեգացիները, ֆրիզները և այլն: VI–VIII դարերում տարածքը նվաճեցին ֆրանկները, ինչն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ: Կարոլինգների կայսրության անկումից հետո Արևելաֆրանկական թագավորության կազմում սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որը X դարում ավարտվեց Գերմանական պետության ձևավորմամբ: 962 թ-ին Օտտոն I կայսրը նվաճեց Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան, և ձևավորվեց Հռոմեական սրբազան կայսրությունը: X–XV դարերում Գերմանիային հաջողվեց գրավել նաև սլավոնական ու մերձբալթյան ժողովուրդների հողերը: Սակայն տարբեր ժողովուրդների ազատագրական պայքարը, 1524–26 թթ-ի Գյուղացիական և 1618–48 թթ-ի Երեսնամյա պատերազմները քայքայեցին պետությունը, և այն մասնատվեց 300 պետություն-իշխանությունների: 1806 թ-ին Նապոլեոնի հովանավորությամբ Գերմանիայի արևմտյան մասում ստեղծվեց Հռենոսյան միությունը: Ռուսաստանում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը, որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան: Այնուհետև հզորացած Պրուսիային հաջողվեց վերամիավորել պետությունը, և 1871 թ-ին Վերսալում հռչակվեց Գերմանիայի կայսրությունը՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ: 1914 թ-ին Գերմանիան սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը ավարտվեց ավստրո-գերմանական ռազմական դաշինքի պարտությամբ: 1933 թ-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա՝ Ա. Հիտլերի գլխավորությամբ: 1938 թ-ին ֆաշիստական Գերմանիան գրավեց Ավստրիան, ապա` Չեխոսլովակիան, 1939 թ-ին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ-ին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարտված Գերմանիայի արևմտյան մասը գրավեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ արևելյան մասը՝ Խորհրդային Միությունը, Գերմանիան բաժանվեց 2 մասի՝ Արևմտյան կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Արևելյան կամ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության: 1990 թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ գերմանական 2 պետությունների խաղաղ վերամիավորումը: Իսկ պետությունը դաշնային է կոչվում, քանի որ բաղկացած է 16 երկրամասից, որոնցից են Բավարիան, Բադեն Վյուրտեմբերգը, Բեռլինը, Բրանդենբուրգը, Բրեմենը, Համբուրգը, Հեսսենը, Թյուրինգիան, Սաքսոնիան և այլն: Գեղեցիկ է Գերմանիայի բնությունը: Եթե շարժվելու լինենք երկրի հյուսիսից հարավ, ապա դա մի տեսակ վերընթաց ճանապարհ կլինի՝ հարթավայրերից դեպի Արևելյան Ալպերի ձյունածածկ բարձր գագաթները: Լեռնազանգվածներն անտառապատ են ու շատ հրապուրիչ, և ամենևին էլ պատահական չէ, որ այստեղ է կենտրոնացած բնապահպանական արգելոցների մեծ մասը: Ուշագրավ է, որ, լեռների անտառապատվածության հետ կապված, Գերմանիայում լեռ և անտառ բառերը գործածվում են որպես հոմանիշներ: Գերմանական լեռների մեծ մասն անվանվում է անտառ. օրինակ՝ Բավարական անտառ, Չեխական անտառ, Շվարցվալդ (գերմաներեն շվարց՝ սև, և վալդ՝ անտառ): Բավարական անտառը հայտարարված է ազգային պարկ: Այս հիասքանչ լեռներում ու անտառներում է անցկացնում իր հանգիստը Գերմանիայի բնակչության մեծ մասը: Օգտակար հանածոներից հատկապես մեծ նշանակություն ունեն Ռուրի, Սաարի քարածխի ու Քյոլնի գորշ ածխի, ինչպես նաև կալիումական ու կերակրի աղի, ուրանի, բազմամետաղների պաշարները: Չնայած տարածքի մեծությանը՝ հյուսիսային ցածրադիր ու հարավային բարձրադիր մասերի կլիմայական տարբերությունները զգալի չեն: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Հռենոսը, Էլբան, Մայնը, որոնք մեծ մասամբ նավարկելի են: Լճերից առավել խոշորը Բոդենն է: Գերմանիան իր տնտեսական-արտադրական հզորությամբ աշխարհի երրորդ պետությունն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Արդյունաբերությունը բազմաճյուղ է՝ բարձրակարգ տեխնիկայով հագեցած: Գերմանիայի արդյունաբերության առաջատար և ամենահզոր ճյուղը մեքենաշինությունն է: Երկրի տարածքում գործում են 78 հզ. մեքենաշինական ձեռնարկություններ, թողարկում են 17 հզ. տեսակի արտադրանք (ծանր սարքավորումներ, հաստոցներ, լոկոմոտիվներ, նավեր, պոլիգրաֆիական մեքենաներ, էլեկտրատեխնիկական, ճշգրիտ օպտիկական սարքեր, ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ, ԷՀՄ-ներ, օդանավեր, աերոտիեզերական ու հրթիռային տեխնիկա և այլն): Խոշորագույն միավորումներն են՝ «Դայմլեր Բենց», «Բոշ», «Պորշե» (Շտուտգարտ), «ԲՄՎ» (BMW), «Սիմենս» (Մյունխեն) և այլն: Զարգացած են նաև քիմիական, սև ու գունավոր մետաղաձուլության, վառելիքաէներգետիկ (ածխի հանույթով Գերմանիան աշխարհում գրավում է 5-րդ տեղը), թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը: Բոլորին հայտնի են գերմանական շոկոլադը, ծխախոտը, գարեջուրը, գինին: Արտադրվում է մոտ 4 հզ. տեսակի գարեջուր. մեծ համբավ ունի հատկապես բավարականը, հայտնի են նաև հռենոսյան գինիները: Գյուղատնտեսության մեջ առաջնակարգը անասնապահության կաթնամսատու ուղղությունն է: Մշակում են հացահատիկային բույսեր, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, բանջարեղեն և այլն: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու այգեգործությունը: Գերմանական յուրաքանչյուր քաղաք հայտնի է որևէ առանձնահատկությամբ: Օրինակ՝ Մայսենը հռչակված է իր ավելի քան 800-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցեյս» գործարանով, որը թողարկում է բարձրորակ հեռադիտակներ, մանրադիտակներ և աստղացուցարանի հատուկ սարքեր, Դրեզդենը բարոկկոյի մարգարիտն է՝ իր պատկերասրահներով, թանգարաններով ու պալատներով, Լայպցիգը հայտնի է իր ամենամյա գարնանային համաշխարհային տոնավաճառներով, Քյոլնը հռչակված է իր եկեղեցիներով, տաճարներով, թանգարաններով, Մայնի Ֆրանկֆուրտը արվեստների քաղաք է, հայտնի` ամենամյա գրքի միջազգային տոնավաճառով, Մայնցը հայտնի է ոչ միայն Եվրոպայի ամենախոշոր ԷՀՄ-ների գործարանով, այլև Գուտենբերգի թանգարանով (այստեղ տպագրական շարվածքի գյուտարար Յոհան Գուտենբերգը հիմնել է աշխարհում առաջին տպարանը), Նյուրնբերգում 1946 թ-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների դատավարությունը: Այստեղ է անցկացվում խաղալիքների միջազգային տոնավաճառը, որն իր տեսակի մեջ եզակի է: Գերմանիան շատ անվանի մարդկանց հայրենիքն է. ֆիզիկոսներ Գ. Օհմ, Հ. Հերց, Ա. Էյնշտեյն, քիմիկոս Յու. Գլաուբեր (նրա անունով է կոչվում գլաուբերյան աղը) և այլք: Գերմանիան մեծ ներդրում ունի աշխարհագրական և քարտեզագրական գիտելիքների բնագավառում. Մ. Բեհայմը 1492 թ-ին ստեղծել է աշխարհում առաջին գլոբուսը, համաշխարհային ճանաչում են ստացել Ա. Հումբոլդրի ճանապարհորդությունները: Գերմանական դասական փիլիսոփայությունն սկսվում է Ի. Կանտով, շարունակվում Գ. Հեգելով, ավարտվում Լ. Ֆոյերբախով: Գերմանիան հարուստ գրական ժառանգություն ունի. այն տվել է Վ. Գյոթե, Ֆ. Շիլլեր, Հ. Հայնե, Է. Ռեմարկ: Ազգային երաժշտական մշակույթի ձևավորման գործում բացառիկ մեծ դեր են խաղացել Յո. Բախի, Գ. Հենդելի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Ռ. Վագների ստեղծագործությունները: Սկսած XIX դարի սկզբից` գերմանական գիտնականները հետաքրքրվել են հայերով ու Հայաստանով: Ուշագրավ է, որ միջնադարյան հայ բժիշկ և բնագետ Մխիթար Հերացուն առաջինն աշխարհին ներկայացրել է գերմանացի բժիշկ Էռնստ Զայդելը, իսկ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի նշանավոր երկրաբան Հերման Աբիխը: Գերմանական գիտնականներ Հյուբշմանը, Լեման-Հաուպտը, Մարկվարտը և ուրիշներ մեծ ծառայություն են մատուցել հայագիտությանը, իսկ Յոզեֆ Ստրժիգովսկին «աշխարհի աչքերը բացեց» հայ ճարտարապետության առանձնահատկության վրա:
Հայերը Գերմանիայում Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանական համալսարաններում (Մյունխեն, Վայմար, Ենա, Բեռլին, Հայդելբերգ և այլն) կրթություն էին ստանում բազմաթիվ հայ ուսանողներ, որոնցից շատերը հետագայում դարձան հայ մշակույթի և գիտության ականավոր գործիչներ: Ի դեպ՝ Գերմանիայի երաժշտանոցներում է կրթվել նաև մեծանուն երգահան Կոմիտասը: 1921 թ-ի մարտի 15-ին ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում ահաբեկեց հայերի ցեղասպանության կազմակերպիչներից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1922 թ-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Բեհաէդդին Շաքիրին, և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին: Արդեն 1930-ական թվականներին հայերի թիվը Գերմանիայում հասնում էր 600–700-ի: Ներկայումս նրանց թիվը 30 հզ. է, որոնք հիմնականում ապրում են Մյունխենում, Քյոլնում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում: Նրանք հիմնականում լիբանանահայեր, թուրքահայեր և իրանահայեր են, որոնց անապահով կյանքը բերել հասցրել է այդ օտար ափերը: 1920 թ-ից գործում է Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը, 1977 թ-ից Մյունխենում` Հայկական հարցերի հաստատությունը, 1982 թ-ից Ախենում՝ Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպությունը, 1985 թ-ից Բեռլինում՝ Հայկական տեղեկատվության և փաստագրության, 1989 թ-ից՝ Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնները: Բեռլինի հայ համայնքն ունի իր ակումբը՝ Հայ տունը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց: Այս համայնքը մեծ օգնություն ցույց տվեց Հայաստանին` 1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դեղեր, բժշկական սարքեր ու սննդամթերք ուղարկելով աղետյալներին, իսկ գերմանական հայտնի «Բուրդա» ֆիրմայի մասնակցությամբ Գյումրիում կառուցվեց պոլիկլինիկա: Շտուտգարտում տեղի հայերի ջանքերով քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ամեն տարի ապրիլի 24-ին այցի են գալիս հարյուրավոր գերմանահայեր: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թ-ին, որից հետո նկատելիորեն ակտիվացել է հայ ազգային կյանքը, 1998 թ-ին օծվել է Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին
|